17 սեպտեմբերի 2010 - 15:48 AMT
Վահագն Չախալյանը լուրջ խնդիրներ է կանխատեսում Վրաստանի համար՝ Ադրբեջանի հետ համադաշնություն ստեղծելու դեպքում

Վրացական իշխանությունների Ադրբեջանի հետ համադաշնություն ստեղծելու մասին անհեթեթ և արկածախնդիր նախագիծը հղի է լուրջ վտանգներով: Հետևանքները Վրաստանի համար շատ ավելի ծանր կարող են լինել, քան 2008-ի օգոստոսյան պատերազմից հետո կրած կորուստները: Ջավախքահայությունը չի կարող անտարբեր մնալ իր բնույթով հակահայկական այս նախագծի նկատմամբ: Ջավախքահայության համար այն անընդունելի է, քանի որ նման համադաշնության ստեղծումը անխուսափելիորեն հանգեցնելու է Վրաստանի՝ որպես համադաշնության առավել թույլ անդամի, Ադրբեջանի գերիշխանության տակ ընկնելուն: Այս մասին գրում է ջավախահայ ակտիվիստ Վահագն Չախալյանը, որը պատիժ է կրում Ռուսթավի բանտում: «Ի՞նչ դրոշ, օրհներգ ու զինանշան է ունենալու այդ համադաշնությունը, ո՞րն է լինելու նրա պետական լեզուն, ի՞նչ զկզբունքով է կազմակերպվելու բանակային ծառայությունը, ահա այն հարցերից մի քանիսը, որոնք առաջանում են այս նախագծի կապակցությամբ իր ապագայով մտահոգ յուրաքանչյուր ջավախքահայի մոտ»,-գրում է նա;

Ըստ Չախալյանի, վրաց-ադրբեջանական համադաշնությունը նաև Կարս-Ախալքալաք-Բաքու երկաթգծի և Հայաստանը շրջափակող այլ ծրագրերի տրամաբանական շարունակությունն է: Ջավախքահայությունը երբեք անտարբեր չի հետևի, թե ինչպես վրացական իշխանությունները Ադրբեջանի ու Թուրքիայի հետ ձեռք-ձեռքի տված նպասելու են Հայաստանի ու Արցախի «վզին» գցված խեղդապարանի սեղմանը:

«Վրաստանի կառավարությունը պարտավոր է հաշվի առնել այս նախագծի նկատմամբ իրենց երկրի հայ քաղաքացիների սկզբունքային բացասական վերաբերմունքը: Գուցե վրաց ժողովուրդը համաձայն է Թուրքիայի ու Ադրբեջանի կցորդը դառնալու հեռանկարին, սակայն ջավախքահայությունը Անկարայի և Բաքվի գերիշխանության տակ հայտնվելու վտանգի հետ երբևիցե չի՛ համակերպվելու: Եթե, այնուամենայնիվ, վրացական իշխանությունները խոսքերից անցնեն գործի, ապա ջավախքահայությունն, հաշվի առնելով կոտորածների և բռնի տեղահանության ենթարկված Բաքվի, Սումգայիթի և Նախիջևանի հայության ճակատագիրը, իրեն իրավունք է վերապահում միջազգային նորմերի հիման վրա ձեռնարկել ինքնուրույն քայլեր` ուղղված իր գոյության անվտանգությանը սպառնացող այս օրհասական վտանգի չեզոքացմանը»,-գրում է Վահագն Չախալյանը: