Չինաստանն արդեն ստացել է Իրան-Հայաստան երկաթգծի շինարարությանը մասնակցելու հրավերը

PanARMENIAN.Net - Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանը շատ հագեցած և հետաքրքրիր է որակել Չինաստանի Ժողովրդական Հանրապետություն իր պաշտոնական այցի ծրագիրն այսօր «Շանհայ Էքսպո-2010» ցուցահանդեսում լրագրողների հետ հանդիպման ժամանակ։ Ինչպես նշվում է ՀՀ կառավարության մամլո ծառայության հաղորդագրության մեջ, վարչապետը տեղեկացրել է, որ միաժամանակ ներկայացվել են նոր ծրագրեր, մասնավորապես, բազալտի վերամշակման, բազալտի մանրաթելի ստացման, արևային մարտկոցների թողարկման, կիսահաղորդիչների թողարկման, այլ նախագծեր, որոնք ընդգրկում են գյուղատնտեսության, գիտության, արդյունաբերության ոլորտները։

Անդրադառնալով Չինաստանի հնարավոր մասնակցությանը Իրան-Հայաստան երկաթգծի կառուցմանը` ՀՀ վարչապետը տեղեկացրել է, որ առաջարկները ներկայացված են չինական գործընկերներին, և այժմ դրանք գտնվում են գործնական քննարկման փուլում։

ՀՀ վարչապետը հայկական տաղավարում մասնակցել է նաև Հայաստանի անկախությանը նվիրված` «Հայփոստ»-ի թողարկած նոր նամականիշի մարմանը, ներկայացվել է նաև «Շանհայ էքսպո-2010»-ում հայկական տաղավարին նվիրված նամականիշը։

ՀՀ կառավարության ղեկավարն այցելել է նաև Արգենտինայի և Անգլիայի տաղավարներ, ներկա գտնվել Ազգային օրվան նվիրված Եվրոպայի հրապարակում կազմակերպված եզրափակիչ համերգին` հայ կատարողների մասնակցությամբ։

 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---