27 սեպտեմբերի 2010 - 17:51 AMT
2012 թվականին Հայաստանում ծրագրվում է անցկացնել Հարավային Կովկասում ICOM առաջին գիտաժողովը

«Հայաստանի Պատմության թանգարանն իսկական բացահայտում դարձավ ինձ համար, քանի որ այնտեղ ներկայացված են շատ հետաքրքիր ցուցանմուշներ, որոնք վերաբերում են ինչպես եվրոպական, այնպես էլ հայկական մշակույթին»,- այսօր Երևանում կայացած մամլո ասուլիսում հաղորդել է Իտալիայում Հռոմ 3 համալսարանի փորձարարական կրթության պրոֆեսոր, Թանգարանների միջազգային խորհրդի (ICOM) Կրթության և մշակութային ծրագրի գծով միջազգային կոմիտեի (CECA) նախագահ Էմմա Նարդին:

Նրա խոսքով, հենց այդ համատեքստում շատ կարևոր է Հայաստանում անցկացնել Հարավային Կովկասի տարածքում առաջին ICOM ամենամյա գիտաժողովը, որին ներկա են գտնվելու տարբեր երկրների մոտ 200 ներկայացուցիչներ: «Եվ նրանք բոլորը կկարողանան իրենց համար բացահայտել Հայաստանն իր թանգարաններով»,- նշել է Էմմա Նարդին:

Նա ավելացրել է նաև, որ Հայաստանում գիտաժողովը ծրագրվում է անցկացնել Հայաստանում տպագրության 500-ամյակի շրջանակներում: «Այստեղ մենք կքննարկենք թեմաներ, որոնք վերաբերում են ինչպես թանգարաններին, այնպես էլ հրատարակչական գործին, այդ թվում` բուկլետների և ուղեցույցների տպագրության ու մի շարք այլ հարցեր»,- նշել է Էմմա Նարդին:

Գիտաժողովը տեղի կունենա 2012 թվականին: Սակայն Էմմա Նարդիի ներկայիս այցը Հայաստան պայմանավորված է այդ երկրում հայկական թանգարանների 16 աշխատակիցների համար Hands-on և minds-on ծրագրերի ներդրման թրենինգների անցկացմամբ, որպեսզի հայկական թանգարաններն ավելի գրավիչ դառնան այցելուների համար: Այդ ծրագրերն այցելուներին թույլ կտան կամ ինքնուրույն շոշափել թանգարանային նմուշները կամ դրանց կրկնօրինակները, կամ էլ խաղերի կամ այլ մեթոդների օգնությամբ դառնալ թանգարանների այցելության կրթական գործընթացի մասնակիցը: Թրենինգները կվարի նաև Ֆրանսիայի Ազգային ժառանգության ինստիտուտի պրոֆեսոր Մարի-Կլարտե Օ’Նեյլը: