10 հոկտեմբերի 2010 - 16:31 AMT
ՀՀ վարչապետն Իրանում կներկայացնի Հայաստանի տնտեսական զարգացման հնարավորություններն ու հեռանկարները

Վարչապետ Տիգրան Սարգսյանը հոկտեմբերի 9-ին ընդունել է հոկտեմբերի 8-ին երկօրյա աշխատանքային այցով Հայաստան ժամանած Իրանի Իսլամական Հանրապետության խորհրդարանի նախագահ Ալի Լարիջանիի գլխավորած պատվիրակությանը։ Ողջունելով հյուրերին` վարչապետը գոհունակությամբ է խոսել Հայաստանի և Իրանի միջև ծավալված արդյունավետ համագործակցության մասին և կարևորել տնտեսական հարաբերությունների հետագա զարգացումը։

Հանդիպման ընթացքում զրուցակիցերը քննարկել են երկկողմ տնտեսական գործակցության ընդլայնման հեռանկարային ուղղությունները։ Երկուստեք նշվել է տրանսպորտի և էներգետիկայի ոլորտներում համատեղ ծրագրերի իրականացման և երկու երկրների մասնավոր հատվածների միջև կապերի աշխուժացման անհրաժեշտությունը։

Փաստելով բարձր մակարդակի պաշտոնական փոխայցերի նշանակալի դերը երկկողմ բարեկամական հարաբերությունների ամրապնդման հարցում` նշվել է, որ 2010թ. հոկտեմբերի վերջին նախատեսվում է ՀՀ վարչապետի այցը Իրանի Իսլամական Հանրապետություն։ Տիգրան Սարգսյանն ընդգծել է, որ հոկտեմբերի 1-ին ԻԻՀ առևտրի, արդյունաբերության և հանքերի պալատի նախագահի հետ հանդիպման ժամանակ վերջինս ՀՀ վարչապետին հրավիրել է այցելել ԻԻՀ առևտրի, արդյունաբերության և հանքերի պալատ` Հայաստանի տնտեսական զարգացման հնարավորություններն ու հեռանկարները իրանցի գործարարներին ներկայացնելու համար, հաղորդում է ՀՀ կառավարության մամլո ծառայությունը։