25 նոյեմբերի 2010 - 18:50 AMT
Ֆրանսահայերը ոչինչ չգիտեն ամբողջ աշխարհից «հայ զինապարտների ու վետերանների մոբիլիզացման» մասին

Լեռնային Ղարաբաղում ռազմական գործողությունների վերսկսման դեպքում Իրանի տարածքով օդային տրանսպորտով հակամարտության գոտի տեղափոխելու ենթակա զինապարտների ու վետերանների համակարգման կենտրոնների ստեղծման մասին տեղեկատվությունն այնքան անիմաստ է, որ մեկնաբանությունների կարիք չունի: Այդ մասին PanARMENIAN.Net-ի թղթակցի հետ զրույցում հայտնել է Եվրոպայի Հայկական ֆեդերացիայի (EAFJD) նախագահ Հիլդա Չոբոյանը: «Ես այդ մասին ոչինչ չեմ լսել, թեև այնտեղ Ֆրանսիան մատնանշվում է որպես այն երկրներից մեկը, որտեղից զինակոչվելու են զինապարտ հայերը: Դա պարզապես աբսուրդ է»,- ընդգծել է նա:

REGNUM Новости ԼԳ տեղեկությունների համաձայն, աշխարհի 4 երկրների` Ռուսաստանի, Ֆրանսիայի, ԱՄՆ-ի և Ուրուգվայի ազգությամբ հայ խոշոր գործարարները կենտրոններ են ստեղծել զինապարտների ու վետերանների համակարգման նպատակով, ում Լեռնային Ղարաբաղում ռազմական գործողությունների վերսկսման դեպքում ծրագրվում է Իրանի տարածքով օդային տրանսպորտով հակամարտության գոտի տեղափոխել:

Ինչպես գործակալության թղթակցին անհայտ մնալու պայմանով հաղորդել է «Կանխարգելիչ մոբիլիզացիա» ծրագրի նախաձեռնողներից մեկը` ազգությամբ հայ ռուսական խոշոր գործարար, աշխատանքն ընթանում է վերջերս ստեղծված «Հայ զինապարտների և վետերանների միություն» Միջազգային հայկական հասարակական շարժման շրջանակներում: Նրա խոսքով, տեղեկատվությունը տվյալների միասնական բազա է հավաքվում երեք լեզվով` ռուսերեն, անգլերեն և իսպաներեն: Մոբիլիզացիոն շարժման ակտիվիստների հաշվարկներով` ընդհանուր առմամբ շարժմանը կարող են մասնակցել մինչև 200 հազար հայեր աշխարհի ավելի քան 38 երկրներից: Աղբյուրը հավելել է նաև, որ հայկական սփյուռքի մոբիլիզացիոն պահեստի «տեղեկատվա-վերլուծական կմախքն» արդեն կազմվել է աշխարհի մի քանի առաջատար երկրների հատուկ ծառայությունների նախկին և գործող աշխատակիցների թվից: