2010թ. դեկտեմբերին տեղի կունենա ինտերնետի հայկական հատվածի միանգամից երկու մրցույթ

PanARMENIAN.Net - 2010թ. դեկտեմբերին տեղի կունենա ինտերնետի հայկական հատվածի միանգամից երկու մրցույթ՝ E-content և այս տարի մեկնարկած ArmNet Awards-ը: Առաջին մրցույթի գլխավոր հովանավորը ՎիվաՍել-ՄՏՍ-ն է, իսկ երկրորդինը՝ Orange Armenia-ն: E-content մրցույթի մեկնարկին նվիրված մամլո ասուլիսում Էլեկտրոնային բովանդակության ասոցիացիայի նախագահ Գարեգին Չուգասզյանը ողջունեց ArmNet Awards մրցույթի անցկացումը, սակայն նշեց, որ կազմակերպիչները պետք է հարգեին իրենց աշխատանքն ու չանցկացնեին մրցույթը E-content-ի հետ միաժամանակ: Ինչպես PanARMENIAN.Net ի թղթակցի հետ զրույցում ասել է ArmNet Awards մրցույթի ղեկավար Ժիրայր Թերզյանը, E-content-ը ընդգրկում է ոչ միայն կայքերը, այլ նաև ծրագրային ապահովումը, տեսանյութերը և այլն: «Մենք ընտրել ենք նեղ ուղղվածություն՝ վեբ-տեխնոլոգիաների զարգացումը և հատվում ենք E-content-ի հետ միայն մի փոքր հատվածում»,-ասել է Թերզյանը: Անդրադառնալով ժամկետներին, նա նշել է, որ երբ որոշվեց սահմանել ArmNet Awards մրցույթը, E-content-ի անցկացումը 2010թ. հարցականի տակ էր: «Մենք մտադիր էինք ArmNet Awards-ը նոյեմբերին անցկացնել, սակայն քանի որ ժյուրին Ռուսաստանից էր և մասնակցում էր «Ռունետի մրցանակ» մրցույթին, ստիպված եղանք հետաձգել մրցույթի անցկացումը»,-ասել է նա: Մրցույթները տարբերվում են նաև քվեարկության համակարգով՝ առաջին մրցույթում եզրափակչի մասնակիցներին ընտրում են ինտերնետից օգտվողները, քվեարկելով իրենց նախընտրած կայքի օգտին, իսկ երկրորդում՝ հաղթողներին որոշում է միջազգային ժյուրին: Е-content մրցույթում, որն անց է կացվում 2 տարին մեկ, հաղթողներին 3 փուլով որոշում է ժյուրին: ArmNet Awards արդյունքները կամփոփվեն դեկտեմբերի 4-ին, իսկ E-content-ը՝ դեկտեմբերի 25-ին:

 Ուշագրավ
Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում
Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը
Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից
Ըստ Քերոբյանի, առնվազն 20 մլրդ դրամ հարկ կհավաքվի
---