ԱՄՆ Պետքարտուղարություն. Ջուլիան Ասանժի ձերբակալությունը Մեծ Բրիտանիայի ու Շվեդիայի գործն է

ԱՄՆ Պետքարտուղարություն. Ջուլիան Ասանժի ձերբակալությունը Մեծ Բրիտանիայի ու Շվեդիայի գործն է

PanARMENIAN.Net - ԱՄՆ-ն շարունակում է հետաքննել WikiLeaks-ում հրապարակված ծառայողական փաստաթղթերի արտահոսքի հանգամանքները, սակայն դեռ վաղ է խոսել արդյունքների մասին: Այդ մասին հայտարարել է Պետքարտուղարության պաշտոնական ներկայացուցիչ Ֆիլիպ Քրոուլին:

«Մեր հետաքննությունը շարունակվում է, իսկ Ասանժի ձերբակալությունը Մեծ Բրիտանիայի ու Շվեդիայի գործն է»,-ասել է նա ու հերքել ենթադրություններն այն մասին, որ ԱՄՆ-ն կարող է տրամադրել կամ արդեն տրամադրել է Մեծ Բրիտանիային որոշ տեղեկություններ, որոնք կարող են օգտագործվել Ասանժի դեմ:

Քրոուլին նշել է նաև, որ քննությունը շարունակվում է: «Մենք հետաքննում ենք ամերիկյան օրենսդրության խախտումը. 250 հազար ծառայողական փաստաթղթերի փոխանցումը ոչ կառավարական անձի հանցագործություն է: Մեր դիրքորոշումը անփոփոխ է. Ասանժի գործողությունները ռիսկի են ենթարկում ամերիկյան շահերն ու ամերիկացի քաղաքացիների անվտանգությունը»,-ասել է Քրոուլին:

Ջուլիան Ասանժը ձերբակալվել է Մեծ Բրիտանիայում: Ինչպես ավելի վաղ հաղորդել էին Ասանժի փաստաբանները, նա բանակցություններ էր վարում բրիտանական ոստիկանության ներկայացուցիչների հետ իր հանդիպման կազմակերպման մասին:

Վերջին օրերին WikiLeaks-ի հիմնադիրը միջոցներ էր հավաքում գրավի համար իր ընկերների և կողմնակիցների շրջանում: Նա մտադիր էր հավաքել 100-200 հազար ֆունտ ստերլինգ: Եթե դատարանը մերժի կամ գումարն անբավարար լինի, Ասանժը ձերբակալված կմնա դատավարության ընթացքում, քանի դեռ լսվում է Շվեդիա նրա էքստրադիցիայի մասին հարցը: Որոշումն այդ հարցի վերաբերյալ` դրական կամ բացասական, պետք է ընդունվի 28 օրվա ընթացքում: Ասանժը մեղադրանքները չի ընդունում, իսկ նրա փաստաբանները պնդում են, որ դրանք քաղաքական դրդապատճառներ ունեն:

 Ուշագրավ
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Օրինագծով նաև նախատեսվում է հստակեցնել այն ժողովուրդների ցանկը, որոնք պատմականորեն ապրել են Ռուսաստանի տարածքում
---