23 դեկտեմբերի 2010 - 17:14 AMT
Ռիչարդ Կիրակոսյան. 2011թ. բարենպաստ կլինի Հայոց ցեղասպանության մասին բանաձևի ընդունման համար

«Ցավոք, ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսին վերջին պահին որոշեց, որ չի դնի 252 բանաձևը քվեարկության, թեև խոստացել էր: Սակայն, ամեն ինչ այնքան էլ վատ չէ: Հայոց ցեղասպանության մասին բանաձևը կրկին կմտնի Կոնգրես, և ես կարծում եմ, այս անգամ շանսերն ավելի մեծ կլինեն»,- PanARMENIAN.Net-ի թղթակցի հետ զրույցում հայտարարել է Ռազմավարական և ազգային հետազոտությունների հայկական կենտրոնի (ՌԱՀՀԿ) տնօրեն Ռիչարդ Կիրակոսյանը: Ըստ նրա, Կոնգրեսի նոր կազմը նախորդից ուժեղ կլինի, իսկ 2011թ. բարենպաստ կլինի Հայոց ցեղասպանության մասին բանաձևի ընդունման համար:

«Նոր Կոնգրեսում բանաձևին կսատարեն ոչ միայն հունական ու կիպրոսյան լոբբիները, որոնք ավանդաբար համագործակցում են հայկական լոբբիի հետ, այլ նաև, ինչը շատ կարևոր է, հրեական լոբբին, ինչը ավելացնում է մեր շանսերը: Նոր գումարման Ներկայացուցիչների պալատի մթնոլորտը հակաթուրքական է լինելու: Ինչ վերաբերում է նոր խոսնակ Ջոն Բեյնորին, ապա նա ոչ թե հայերի դեմ է տրամադրված, այլ թուրքամետ է: Սակայն, ես կարծում եմ, որ նա կփոխի իր դիրքորոշումը»,-ասել է Կիրակոսյանը՝ հավելելով, որ ԱՄՆ-ն կարող է պատժել Թուրքիային, ու ճանաչել Հայոց ցեղասպանությունը՝ դա վատագույնն է, ինչ կարող է տեղի ունենալ Թուրքիայի համար: