24 փետրվարի 2011 - 20:08 AMT
Պիտեր Սեմնեբին ԵՄ հետ Ասոցացման համաձայնագիրը որոշիչ փաստաթուղթ է համարում Հայաստանի եվրաինտեգրման ճանապարհին

Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը փետրվարի 24-ին ընդունել է հրաժեշտի այցով Հայաստան ժամանած Հարավային Կովկասում Եվրոպական Միության հատուկ ներկայացուցիչ Պիտեր Սեմնեբիին:

Նախագահը բարձր է գնահատել Պիտեր Սեմնեբիի ներդրումը Հայաստանի և Եվրոպական Միության միջև համագործակցության ամրապնդման գործում: «Այն պահից, երբ Դուք ստացաք Հարավային Կովկասում Եվրամիության ներկայացուցչի մանդատը, կարծում եմ` մեր հարաբերությունները, քաղաքական երկխոսությունը նաև Ձեր ջանքերի շնորհիվ ամրապնդվեցին»,- ասել է հանրապետության ղեկավարը:

Հարավային Կովկասում Եվրոպական Միության հատուկ ներկայացուցիչը շնորհակալություն է հայտնել նախագահին` իր աշխատանքը նման գնահատականի արժանացնելու համար և նշել, որ պաշտոնավարման հինգ տարիներին բազմաթիվ արդյունավետ հանդիպումներ է ունեցել Սերժ Սարգսյանի հետ:

Պիտեր Սեմնեբին իր գործունեության անցած ժամանակահատվածում իրականացված աշխատանքից կարևորել է առաջին հերթին Հարավային Կովկասի երեք երկրների հետ Ասոցացման համաձայնագրի շուրջ բանակցություններ սկսելու մասին 2009թ. որոշումը, որը, ըստ նրա, եվրաինտեգրման ուղին ընտրած Հայաստանի համար ապագան կանխորոշող փաստաթուղթ է, հաղորդում է ՀՀ նախագահի մամլո գրասենյակը: