Հայաստանի ազգային պատկերասրահում մարտի 5-31-ը կբացվի Միկալոյուս Չյուրլյոնիսի աշխատանքների ցուցահանդես

PanARMENIAN.Net - 2011 թ. լրանում է Հայաստանի և Լիտվայի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 20-ամյակը: 2010թ. ապրիլի 10-ին լրանում է նաև լիտվացի ականավոր գեղանկարիչ, կոմպոզիտոր Միկալոյուս Կոնստանտինաս Չյուրլյոնիսի մահվան 100-ամյա տարելիցը, որը մեծ շուքով նշվելու է ՅՈՒՆԵՍԿՕ-ի հովանու ներքո` ողջ աշխարհում, Չյուրլյոնիսի ստեղծագործության երկրպագուների կողմից և իհարկե արվեստագետի հայրենիքում` Լիտվայում:

Հայաստանի Հանրապետությունում Լիտվայի Հանրապետության դեսպանությունը և ՀՀ մշակույթի նախարարությունը այդ հիշարժան տարեթվերին նվիրված նախատեսում են անցկացնել համերգներ Չյուրլյոնիսի դաշնամուրային և սիմֆոնիկ ստեղծագործությունների կատարումներով, ինչպես նաև Չյուրլյոնիսի գեղանկարչական աշխատանքների ցուցադրություններ:

Նախատեսվող միջոցառումների շարքից Հայաստանի ազգային պատկերասրահում մարտի 5-31-ը կցուցադրվեն Չյուրլյոնիսի նկարների և լուսանկարչական աշխատանքների վերատպությունները: Ցուցահանդեսը կուղեկցվի արվեստագետի կյանքն ու ստեղծագործական ուղին ներկայացնող բացառիկ փաստագրերով, ինչպես նաև մշակութային համատեքստում իր դարաշրջանը արտացոլող վավերագրական ժապավենների ցուցադրումով: Ցուցահանդեսի այցելուներին հնարավորություն կընձեռվի նաև ունկնդրել Չյուրլյոնիսի երաժշտական ստեղծագործությունների կատարումները, հաղորդում է ՀՀ մշակույթի նախարարության մամլո ծառայությունը:

 Ուշագրավ
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում
Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․
Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով
---