16 մարտի 2011 - 11:20 AMT
Եվրամիությունն աջակցում է ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորմանը

Նման հայտարարությամբ մարտի 15-ին Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանի հետ ունեցած համատեղ ասուլիսի ժամանակ հանդես է եկել Եվրահանձնաժողովի նախագահ Ժոզե Մանուել Բարոզոն։ Հանդիպման ժամանակ կողմերը քննարկել են նաև տարածաշրջանային հարցեր։

«ԵՄ-ն աջակցում է ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորմանը, որը հիմնված է լինելու ուժի չկիրառման, տարածքային ամբողջականության և ազգերի ինքնորոշման սկզբունքների վրա։ Մենք մտահոգված ենք տարածաշրջանում տեղի ունեցող բախումների առնչությամբ։ ԵՄ-ն աջակցում է ԵԱՀԿ Մինսկի խմբին և շարունակում է զարգացնել տարածաշրջանային գործունեությունը ` բարիդրացիական հարաբերությունների ‎համատեքստում»,- նշել է ԵՀ նախագահը։

Ըստ նրա` ԵՄ-ն շարունակում է աջակցել հայ-թուրքական հարաբերությունների կարգավորմանը։ Եվրահանձնաժողովի նախագահը նշել է, որ իրենք շարունակում են քաջալերել գործընթացը, որպեսզի հասնեն այդ պատմական իրադարձության կատարմանը։ Հարցին, թե ինչպես է վերաբերվում ԵՄ-ն հարևան Հայաստանի հետ փակ սահման ունեցող Թուրքիայի` եվրոպական ընտանիքի անդամ դառնալու նկրտումներին, Բարոզոն պատասխանել է. «Հաշվի առնելով տնտեսական բլոկադան և փակ սահմանները երկու երկրների միջև` մենք, անշուշտ, քննարկում ենք Թուրքիայի հետ այս հարցը։ Թուրքիան և Հայաստանը պետք է աշխատեն գործընկերության ոգով և երկխոսության միջոցով հաղթահարեն դժվարությունները։ ԵՄ-ն ցանկանում է տեսնել ընդհանուր հարևանության մեջ հարաբերություններ, որոնք ավելի կայուն և կառուցողական կլինեն», հաղորդում է ՀՀ կառավարության մամլո ծառայությունը: