ԱՀՀ. Իր հայտարարությամբ Օբաման բաց թողեց անցյալի բաց վերքերն ապաքինելու հնարավորությունը

ԱՀՀ. Իր հայտարարությամբ Օբաման բաց թողեց անցյալի բաց վերքերն ապաքինելու հնարավորությունը

PanARMENIAN.Net - Նախագահ Բարաք Օբաման Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանությունը կրկին անվանել է «20-րդ դարի մեծագույն հանցագործություններից մեկը»` չկատարելով Հայոց ցեղասպանությունը ճանաչելու մասին խոստումը: Այդ մասին ասվում է Ամերիկայի հայկական համագումարի (ԱՀՀ) հայտարարությունում: Համագումարը հիշեցնում է, որ դեռ ապրիլի 18-ին դիմել էր ԱՄՆ նախագահին` կոչ անելով ճանաչել Հայոց ցեղասպանությունը, քանի որ դրա ճանաչումը և դատապարտումը մարդու իրավունքների պաշտպանության հիմնական հարցն է:

«Խոսքերը մեծ նշանակություն ունեն և Օբամայի հայտարարությունը Զատիկի և Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրվա նախօրեին բաց թողնված հնարավորություն է անցյալի բաց վերքերը բուժելու համար: Ցեղասպանության հերքումը կործանարար է, և ԱՄՆ-ն պետք է միանշանակ հաստատի Հայոց ցեղասպանության փաստը»,- հայտարարել է ԱՀՀ գործադիր տնօրեն Բրայան Արդունին:

Ապրիլի 24-ին ԱՄՆ հայ համայնքին ուղղված իր ամենամյա ուղերձում նախագահ Բարաք Օբաման անցյալ տարիների նման օգտագործել է «Մեծ Եղեռն» եզրույթը` խուսափելով «ցեղասպանություն» բառից: Հայ համայնքին ուղղված իր գրավոր ուղերձում ԱՄՆ նախագահն Օսմանյան կայսրությունում 1.5 միլիոն հայերի զանգվածային բնաջնջումն անվանել է «20-րդ դարի մեծագույն հանցագործություններից մեկը»: Բայց արդեն երրորդ տարին շարունակ, խոսելով 1915-ի դեպքերի մասին, նա խուսափում է «ցեղասպանություն» բառն արտասանելուց: Իր ուղերձում նախագահ Օբաման նաև նշել է, որ «պատմության վիճելի էջերն ապակայունացնում են ներկան և ստվեր նետում նրանց հիշողության վրա, ովքեր տվել են իրենց կյանքը»: Նրա խոսքերով, Ամերիկան հստակ գիտի դա, քանի որ նրա պատմության մեջ էլ առկա են մութ էջեր: Օբաման «բարձր է գնահատել Հայաստանի և Թուրքիայի ջանքերը պատմական հարցերի քննարկման համար», հավելելով, որ նրա տեսակետն այս հարցի շուրջ չի փոխվել նրա նախընտրական քարոզարշավից ի վեր և որ «փաստերի ճանաչումը բխում է մեր շահերից»:

Դեռ ԱՄՆ սենատոր եղած ժամանակ Օբաման խոստացել էր նախագահ դառնալու դեպքում ճանաչել Հայոց ցեղասպանությունը, բայց այդպես էլ չի կատարել իր խոստումը:

Հայոց ցեղասպանություն

Հայոց ցեղասպանությունը, որն իրագործվել է Օսմանյան կայսրությունում 1915-1923թթ., XX դարի առաջին ցեղասպանությունն էր, որի նախաձեռնողները երիտթուրքերն էին: Ցեղասպանության ժամանակ ոչնչացվեց վեց հայկական վիլայեթների բնակչությունը` մոտ 1,5 մլն հայ: Եվս կես միլիոնը սփռվեց աշխարհով մեկ` սկիզբ դնելով հայկական Սփյուռքին:

Դեռևս Ցեղասպանության իրագործման տարիներին` 1915-23թթ. տերությունները ընդունեցին հայերի կոտորածը դատապարտող բանաձևեր: ԱՄՆ-ն երեք անգամ (1916, 1919, 1920) նմանատիպ բանաձևեր է ընդունել, սակայն դա չկասեցրեց Օսմանյան կայսրության գործողությունները: 1915թ. Ֆրանսիան, Մեծ Բրիտանիան և Ռուսաստանը հանդես եկան համատեղ հռչակագրով` դատապարտելով հայերի բնաջնջումը:

Աշխարհի շատ երկրներ և ազդեցիկ միջազգային կազմակերպություններ ճանաչել և դատապարտել են Հայոց ցեղասպանությունը: Պաշտոնապես առաջինը Հայոց ցեղասպանությունն ընդունել և դատապարտել է Ուրուգվայը 1965թ-ին: Հայոց ցեղասպանությունը ճանաչել են նաև Եվրոպայի Խորհուրդը, Եվրախորհրդարանը, ՄԱԿ-ի խտրականության կասեցման և փոքրամասնությունների պաշտպանության կանխարգելման ենթահանձնաժողովը, ՄԱԿ-ի ռազմական հանցագործությունների գծով հանձնաժողովը, Եկեղեցիների համաշխարհային խորհուրդը: Հայերի ոչնչացումը պաշտոնապես ցեղասպանություն են ճանաչել Ֆրանսիան, Ավստրիան, Իտալիան, Գերմանիան, Բելգիան, Լյուքսեմբուրգը, Շվեդիան, Նիդերլանդները, Շվեյցարիան, Ռուսաստանը, Լեհաստանը, Լիտվան, Հունաստանը, Սլովակիան, Կիպրոսի Հանրապետությունը, Լիբանանը, Ուրուգվայը, Արգենտինան, Վենեսուելան, Չիլին, Բոլիվիան, Կանադան, Վատիկանը, Բրազիլիան, Լյուքսեմբուրգը, Գերմանիան, Պարագվայը, Սիրիան և ԱՄՆ-ի 45 նահանգ:

Բելգիայում և Շվեդիայում Հայոց ցեղասպանության ժխտման համար քրեական պատասխանատվություն է սահմանված (45 հազար եվրո տուգանքից մինչև 1 տարվա ազատազրկում): 2006թ. հոկտեմբերի 12-ին Ֆրանսիայի խորհրդարանն օրինագիծ ընդունեց, որի համաձայն Հայոց ցեղասպանության ժխտումը կքրեականացվի, ինչպես Հոլոքոսթը:

Ժամանակակից Թուրքիան ժխտում է Հայոց ցեղասպանության պատմական փաստը և վարում է այդ փաստի ժխտման ներքին և արտաքին քաղաքականություն: Թուրքական պետության գործողությունները ներկայացվում են որպես «բռնագաղթ»` հայերի անվտանգությունն ապահովելու նպատակով: Հայոց ցեղասպանության ճանաչման անհրաժեշտության մասին խոսում են միայն առանձին թուրք մտավորականներ, որոնց թվում են պատմաբան Թաներ Աքչամն ու Նոբելյան մրցանակի դափնեկիր Օրհան Փամուկը:

 Ուշագրավ
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Օրինագծով նաև նախատեսվում է հստակեցնել այն ժողովուրդների ցանկը, որոնք պատմականորեն ապրել են Ռուսաստանի տարածքում
---