Թուրքիայի ԱԳ նախարարը գտնում է, որ ԱՄՆ նախագահը պետք է հիշատակեր ոչ միայն հայերին, այլև թուրքերին

Թուրքիայի ԱԳ նախարարը գտնում է, որ ԱՄՆ նախագահը պետք է հիշատակեր ոչ միայն հայերին, այլև թուրքերին

PanARMENIAN.Net - Թուրքիայի արտգործնախարար Ահմետ Դավութօղլուն Օբամայի` ամեն տարի ապրիլի 24-ին հղվող ուղերձը գնահատել է, որպես «կողմնապահ և ոչ բավական»: Դավութօղլուն հույս է հայտնել, որ «յուրաքանչյուրը կսովորի հասկանալ և կիսել մերձավորի ցավը»:

Նախարարը, մասնավորապես, հայտնել է հետևյալը. «Ցավոք, պարոն Օբամայի հղած ուղերձը կրկին հիմնված էր պատմության նկատմամբ միակողմանի հայացքի վրա: Մենք կցանկանայինք, որպեսզի ցավը կարելի լիներ կիսել, որպեսզի հարգանքի տուրք մատուցվեր մի ողջ սերնդի մարդկանց հիշատակին, որոնք այդ տարիներին, լքելով անատոլիական հողերը, մեկնեցին Եմեն, կռվեցին Սարիղամիշում, Դարդանելում, տարբեր բալկանյան երկրներում: Մենք կցանկանայինք տեսնել, որ բարեկամական և դաշնակից ԱՄՆ-ն կիսել է նաև թուրքերի ցավը: Լավ կլիներ, եթե նրանք կարողանային այլ հեռանկար առաջարկել, որը թույլ կտար կիսել ընդհանուր ցավը: Սակայն մենք վճռականորեն շարունակելու ենք ջանքեր գործադրել, որպեսզի Առաջին աշխարհամարտի տարիներին ապրած մարդկանց տանջանքները հիշատակվեն արդարության պահանջներին համապատասխան», հաղորդում է TRT-Russian-ը:

Ապրիլի 24-ին ԱՄՆ հայ համայնքին ուղղված իր ամենամյա ուղերձում նախագահ Բարաք Օբաման անցյալ տարիների նման օգտագործել է «Մեծ Եղեռն» եզրույթը` խուսափելով «ցեղասպանություն» բառից: Հայ համայնքին ուղղված իր գրավոր ուղերձում ԱՄՆ նախագահն Օսմանյան կայսրությունում 1.5 միլիոն հայերի զանգվածային բնաջնջումն անվանել է «20-րդ դարի մեծագույն հանցագործություններից մեկը»: Բայց արդեն երրորդ տարին շարունակ, խոսելով 1915-ի դեպքերի մասին, նա խուսափում է «ցեղասպանություն» բառն արտասանելուց: Իր ուղերձում նախագահ Օբաման նաև նշել է, որ «պատմության վիճելի էջերն ապակայունացնում են ներկան և ստվեր նետում նրանց հիշողության վրա, ովքեր տվել են իրենց կյանքը»: Նրա խոսքերով, Ամերիկան հստակ գիտի դա, քանի որ նրա պատմության մեջ էլ առկա են մութ էջեր: Օբաման «բարձր է գնահատել Հայաստանի և Թուրքիայի ջանքերը պատմական հարցերի քննարկման համար», հավելելով, որ նրա տեսակետն այս հարցի շուրջ չի փոխվել նրա նախընտրական քարոզարշավից ի վեր և որ «փաստերի ճանաչումը բխում է մեր շահերից»:

Դեռ ԱՄՆ սենատոր եղած ժամանակ Օբաման խոստացել էր նախագահ դառնալու դեպքում ճանաչել Հայոց ցեղասպանությունը, բայց այդպես էլ չի կատարել իր խոստումը:

 Ուշագրավ
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Օրինագծով նաև նախատեսվում է հստակեցնել այն ժողովուրդների ցանկը, որոնք պատմականորեն ապրել են Ռուսաստանի տարածքում
---