Նորվեգիայի փոքրաթիվ հայ համայնքը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին

Նորվեգիայի փոքրաթիվ հայ համայնքը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին

PanARMENIAN.Net - Նորվեգիայում առկա փոքրաթիվ հայկական համայնքը հասցրել է ձևավորել սեփական ավանդույթները: Երեկ Նորվեգիայում Հայկական մշակութային կազմակերպությունը, որ միավորում է Օսլոյի և շրջակա բնակավայրերի հայերին, կազմակերպել էր Սուրբ Զատկի տոնին նվիրված միջոցառում Օսլոյից ոչ հեռու գտնվող Ասկեր քաղաքի եկեղեցում: Միջոցառումը պարունակում էր թե մշակութային, թե կրոնական և թե ժամանցային տարրեր, այն հատկապես ոգևորում էր համայնքի փոքրիկ անդամներին, ովքեր խանդավառությամբ մրցույթի էին բռնվել գունագեղ ու նկարազարդ հավկիթներով:

Ավանդույթի համաձայն` ապրիլի 24-ին տեղական ժամանակով ժամը երկուսին համայնքի անդամները այցելեցին Օսլոի մերձակայքում, Բաերում համայնքում գտնվոգ Ֆրիտյոֆ Նանսենի նախկին առանձնատան տարածք, որն այժմ զբաղեցնում է Ֆրիտյոֆ Նանսենի Ինստիտուտը: Հենց այդ տան բակում է գտնվում մեծ մարդասերի ու հայ ազգի անձնուրաց բարեկամ Նանսենի գերեզմանը, որն էլ դարձել է տեղի հայերի համար յուրովի սրբավայր և ցեղասպանության հիշատակի հուշահամալիր:

Համայնքի անդամները իրենց փոքրիկների հետ ծաղիկներ դրեցին մեծ նորվեգացու շիրմին ուիրականցրեցին մոմավառություն: Նորվոեգիայի Հայկական Մշակութային կազմակերպության նախագահության անդամ Լիլիթ Մկրտչյանը հիշատակման ելույթ ընթերցեց, որից հետո մի քանի անդամներ ևս երախտիքի խոսքեր ասեցին ուղղված Ֆրիտյոֆ Նանսենին, այնուհետև հավաքվածները երգեցին Հայաստանի հանրապետության օրհներգը և ծածանեցին Հայաստանի և Նորվեգիայի դրոշները:

Նշվեց, որ համայնքի խնդրանքով Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը որոշում է ընդունել պաշտոնապես հիմնել Հայկական Առաքելական Սուրբ Եկեղեցու ներկայությունը Նորվեգիայում, որը կկազմակերպվի ս.թ. ապրիլի 29-ին Շվեդիայում Հայկական Առաքելական Սուրբ Եկեղեցու ներկայացուցիչ քահանայի կողմից մատուցվող պատարագով: Այդպիսով, Շվեդիայում հայկական եկեղեցին սպասարկող հոգևորականների խումբը նաև կսպասարկի Նորվեգիայի հայ համայնքին:

Նորվեգիայի հայկական համայնքը տարբերվում է Եվրոպայի դասական հայկական համայնքներից, քանի որ այն համեմատաբար փոքրաթիվ ու նոր համայնք է: Այստեղ, ի տարբերություն Ֆրանսիայի,Գերմանիայի, Հոլանդիայի, չկան հայերի երկրորդ և երրորդ սերունդներ: Համայնքը հիմնականում բաղկացած է Միջին Արևելքից ոչ շատ ուշ անցյալում ներգաղթած հայերից:

Հայոց ցեղասպանություն

Հայոց ցեղասպանությունը, որն իրագործվել է Օսմանյան կայսրությունում 1915-1923թթ., XX դարի առաջին ցեղասպանությունն էր, որի նախաձեռնողները երիտթուրքերն էին: Ցեղասպանության ժամանակ ոչնչացվեց վեց հայկական վիլայեթների բնակչությունը` մոտ 1,5 մլն հայ: Եվս կես միլիոնը սփռվեց աշխարհով մեկ` սկիզբ դնելով հայկական Սփյուռքին:

Դեռևս Ցեղասպանության իրագործման տարիներին` 1915-23թթ. տերությունները ընդունեցին հայերի կոտորածը դատապարտող բանաձևեր: ԱՄՆ-ն երեք անգամ (1916, 1919, 1920) նմանատիպ բանաձևեր է ընդունել, սակայն դա չկասեցրեց Օսմանյան կայսրության գործողությունները: 1915թ. Ֆրանսիան, Մեծ Բրիտանիան և Ռուսաստանը հանդես եկան համատեղ հռչակագրով` դատապարտելով հայերի բնաջնջումը:

Աշխարհի շատ երկրներ և ազդեցիկ միջազգային կազմակերպություններ ճանաչել և դատապարտել են Հայոց ցեղասպանությունը: Պաշտոնապես առաջինը Հայոց ցեղասպանությունն ընդունել և դատապարտել է Ուրուգվայը 1965թ-ին: Հայոց ցեղասպանությունը ճանաչել են նաև Եվրոպայի Խորհուրդը, Եվրախորհրդարանը, ՄԱԿ-ի խտրականության կասեցման և փոքրամասնությունների պաշտպանության կանխարգելման ենթահանձնաժողովը, ՄԱԿ-ի ռազմական հանցագործությունների գծով հանձնաժողովը, Եկեղեցիների համաշխարհային խորհուրդը: Հայերի ոչնչացումը պաշտոնապես ցեղասպանություն են ճանաչել Ֆրանսիան, Ավստրիան, Իտալիան, Գերմանիան, Բելգիան, Լյուքսեմբուրգը, Շվեդիան, Նիդերլանդները, Շվեյցարիան, Ռուսաստանը, Լեհաստանը, Լիտվան, Հունաստանը, Սլովակիան, Կիպրոսի Հանրապետությունը, Լիբանանը, Ուրուգվայը, Արգենտինան, Վենեսուելան, Չիլին, Բոլիվիան, Կանադան, Վատիկանը, Բրազիլիան, Լյուքսեմբուրգը, Գերմանիան, Պարագվայը, Սիրիան և ԱՄՆ-ի 45 նահանգ:

Բելգիայում և Շվեդիայում Հայոց ցեղասպանության ժխտման համար քրեական պատասխանատվություն է սահմանված (45 հազար եվրո տուգանքից մինչև 1 տարվա ազատազրկում): 2006թ. հոկտեմբերի 12-ին Ֆրանսիայի խորհրդարանն օրինագիծ ընդունեց, որի համաձայն Հայոց ցեղասպանության ժխտումը կքրեականացվի, ինչպես Հոլոքոսթը:

Ժամանակակից Թուրքիան ժխտում է Հայոց ցեղասպանության պատմական փաստը և վարում է այդ փաստի ժխտման ներքին և արտաքին քաղաքականություն: Թուրքական պետության գործողությունները ներկայացվում են որպես «բռնագաղթ»` հայերի անվտանգությունն ապահովելու նպատակով: Հայոց ցեղասպանության ճանաչման անհրաժեշտության մասին խոսում են միայն առանձին թուրք մտավորականներ, որոնց թվում են պատմաբան Թաներ Աքչամն ու Նոբելյան մրցանակի դափնեկիր Օրհան Փամուկը:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---