14 հունիսի 2011 - 12:54 AMT
Վերջին հարյուրամյակում առաջին անգամ Հայոց Կաթողկիոսը այցելեց Ջավախք

Հունիսի 13-ին սկսվեց Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի հովվապետական այցը Ջավախք: Սա վերջին հարյուրամյակում առաջին հովվապետական այցն է Ջավախք:

Վեհափառ Հայրապետը Վրաց Իլիա Բ Պատրիարքի հետ նախ հյուրընկալվեցին Բորժոմիում` Վրաց Եկեղեցու Բորժոմիի և Բակուրիանիի թեմի առաջնորդ Սերաֆիմ արքեպիսկոպոս Ջոջուայի, Բորժոմիի շրջանային ժողովի նախագահ Բեսիկ Քուրդաձեյի և Բորժոմիի շրջանային վարչության նախագահ Վախթանգ Մաիսուրաձեի կողմից, ապա մեքենաների շարասյունն ուղևորվեց դեպի Ախալցիխե:

Քաղաքի մուտքին երկու Եկեղեցիների հովվապետերին դիմավորեցին Սամցխե-Ջավախքի նահանգապետ Լաշա Ճկադուան, Ախալցիխեի շրջանային ժողովի նախագահ Մալխազ Գիքոշվիլին, Ախալցիխեի շրջանային վարչության նախագահ Գելա Դեմետրաձեն, Ջավախքում առաջնորդական ընդհանուր փոխանորդ Տ. Բաբկեն աբեղա Սալբյանը, փոխառաջնորդության հոգևոր դասը, համայնքային գործիչներ, ապա Հայոց Հայրապետի գլխավորած պատվիրակությունը մեկնեց քաղաքի կենտրոնական հրապարակ, ուր Համայն Վրաստանի Պատրիարքը և Ամենայն Հայոց Կաթողիկոսն իրենց պատգամը և օրհնությունը բաշխեցին հայ և վրաց հավատացյալներին:

Ախալցիխեում Ամենայն Հայոց Կաթողիկոսը և Վրաց Պատրիարքն այցելեցին նաև Ս. Գրիգոր Լուսավորիչ հայկական եկեղեցի (XIX դ.): Եկեղեցու պարիսպների մոտ երկու Հովվապետերին ազգային երաժշտության հնչյունների ներքո, երկու երկրների դրոշակներով դիմավորեցին հայ համայնքի ներկայացուցիչները: Ազգային տարազներով պատանիները աղ ու հաց մատուցեցին Վեհափառ Հայրապետին և Վրաց Պատրիարքին: Այնուհետև «Հրաշափառով» հոգևորականների թափորը մուտք գործեց եկեղեցի: Ամենայն Հայոց Կաթողիկոսի նախագահությամբ կատարվեց գոհաբանական աղոթք, ապա բարեպաշտ ջավախահայերին հայրական իր պատգամն ուղղեց Գարեգին Բ Հայոց Հայրապետը: «Ուրախ ու քաջալեր ենք տեսնելով, որ դուք շարունակում եք դարեր ի վեր Ջավախքում ապրած ձեր հայրերի հավատավոր և ազգասեր ուղին` ձեր սրտերում անսասան պահելով հավատարմությունը մեր Սուրբ Եկեղեցուն, նախանձախնդիր լինելով ազգային մեր արժեքների հանդեպ և պահպանելով մեր հին ու հարուստ մշակույթը: Պատմության մեջ մեր Սուրբ Եկեղեցին խնամել ու առաջնորդել է մեր ժողովրդին ամենուր, որտեղ հայորդիք բնակություն են հաստատել: Այսօր, գոհություն Աստծո, մեր Եկեղեցին հնարավորություն ունի ազատորեն իրականացնել փրկչական իր առաքելությունն ու հոգևոր սպասավորությունը Սամցխե-Ջավախքում, որտեղ ապրող հայ բնակչությունը մեծ կարիքն ունի հոգևոր խնամքի, հայեցի և քրիստոնեական լիարժեք կրթության», - պատգամեց Ամենայն Հայոց Կաթողիկոսն իր հավատավոր հոտին: Սյցի առիթով Նորին Սրբությունը հայրապետական իր գնահատանքը հայտնեց թեմի առաջնորդ Վազգեն եպիսկոպոսին, ինչպես նաև ուխտյալ եկեղեցականներին, թեմական վարչության անդամներին, կրթության և մշակույթի նվիրյալներին` նախանձախնդրության ու անդուլ ջանքերի, հավատավոր և եկեղեցանվեր ընթացքի համար:

Ապա հավատացյալներին իր օրհնությունը բաշխեց նաև Համայն Վրաստանի Պատրիարքը: Իր խոսքում վրաց հովվապետը պատմական նկատեց Վեհափառ Հայրապետի այցը, ինչպես նաև շեշտեց վիրահայ համայնքի կարևոր դերակատարությունը Վրաստանի կյանքի տարբեր ոլորտներում:

Այցի առիթով Ամենայն Հայոց Կաթողիկոսը Ս. Գրիգոր Լուսավորիչ եկեղեցուն նվիրեց Ս. Աստվածամոր պատկեր: Արարողությունից հետո պատվիրակությունը մեկնեց Ախալցիխեի Հովհաննես Թումանյանի անվան թիվ 3 հայկական դպրոց, ուր Գարեգին Բ Վեհափառ Հայրապետը և Իլիա Բ կաթողիկոսը ներկա գտնվեցին աշակերտների կողմից պատրաստված գրական-երաժշտական հանդիսության: