ԵՊՀ-ում հարգանքի տուրք մատուցեցին Հայաստանի ազգային հերոս Յուրի Պողոսյանի հիշատակին

ԵՊՀ-ում հարգանքի տուրք մատուցեցին Հայաստանի ազգային հերոս Յուրի Պողոսյանի հիշատակին

PanARMENIAN.Net - ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը այսօր Երևանի պետական համալսարանում մասնակցել է ՀՀ և Արցախի Ազգային հերոս Յուրի Պողոսյանի ծննդյան 50-ամյակին և մահվան 19-րդ տարելիցին նվիրված հուշ-ցերեկույթին: Միջոցառմանը ներկա էին հերոսի հարազատները, մարտական ընկերները, համալսարանի պրոֆեսորա-դասախոսական կազմը, ուսանողներ և ներկայացուցիչներ պաշտպանության նախարարությունից:

Յուրա Պողոսյանի մարտական ուղուն նվիրված ֆիլմի ցուցադրումից հետո ելույթ են ունեցել հերոսի քույրը` Իրինա Առաքելյանը, մարտական ընկեր Մարտիկ Հայրապետյանը, ԵՊՀ ռեկտորի պաշտոնակատար Արամ Սիմոնյանը և պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը:

Առանձնահատուկ կարևորելով արցախյան ազատամարտում Յուրա Պողոսյանի ունեցած ավանդը` Սեյրան Օհանյանը մասնավորապես ասել է. «Յուրա Պողոսյանը այն անհատներից է, որոնք կանգած են հայկական բանակի ստեղծման ակունքներում»: Խոսելով ազգային հերոսի թողած հոգևոր ժառանգության մասին` պաշտպանության նախարարը նշել է, որ նրա պատգամները այսօր կատարում են հայոց բանակի զինվորները` աչալուրջ հսկելով մեր հայրենիքի սահմանները:

Յուրի Պողոսյանը հայ ազգային-ազատագրական պայքարի նվիրյալ էր, Արցախյան ազատամարտի մասնակից, վաշտի, զրահամեքենայի հրամանատար: ՀՀ ազգային հերոս։

Զոհվել է 1992 թ. հունիսի 12 ԼՂՀ Նախիջևանիկ գյուղի պաշտպանության ժամանակ։

1980-1982 թթ. ծառայել է խորհրդային բանակում։ Նրա ստեղծած զենքն առաջին անգամ կիրառվել է 1990-ին՝ Հադրութի մարտերում: Որպես ջոկատի հրամանատար` մասնակցել է Կիչանի, Սրխավենդի, Էդիլուի, Խրմանջուղի կռիվներին: 1991-ից՝ Արցախի կանոնավոր բանակի 4-րդ վաշտի հրամանատար։ Իր ղեկավարած զրահամեքենայով Խանաբադի և Ասկերանի մոտ մղված կռիվներում ոչնչացրել է թշնամու զրահատեխնիկան: Զոհվել է Ասկերան-Նախիջևանիկ ճակատային գծում։ Պարգևատրվել է «ՀՀ Հայրենիքի», «ԼՂՀ Ոսկե արծիվ», «Մարտական Խաչ» 1-ին աստիճանի շքանշաններով, «Շուշիի ազատագրման համար» մեդալներով։

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
---