Իրանը կրկին իր ծառայություններն է առաջարկում ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործում

Իրանը կրկին իր ծառայություններն է առաջարկում ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործում

PanARMENIAN.Net - Իրանը կարող է միջնորդ դառնալ ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործում, Բաքվում կայացած մամլո ասուլիսում հայտնել է Իրանի խորհրդարանի խոսնակ Ալի Լարիջանին: Նրա խոսքով, մեծ երկրները մտածում են միայն իրենց շահերի մասին և ղարաբաղյան հիմնախնդրի լուծման փոխարեն սեփական խաղն են վարում հանուն իրենց շահերի:

Իրանական խորհրդարանի խոսնակը նշել է նաև, որ միջազգային խաղաղապահական ուժերի տեղակայումը Լեռնային Ղարաբաղում էլ ավելի կբարդացնի խնդիրը: «Մենք չպետք է ջանանք ընտրել հակամարտության կարգավորման վատագույն ճանապարհը, այս խնդրի լուծման համար կան շատ ավելի տրամաբանական ճանապարհներ: Ավելի տրանաբանական կլիներ, եթե կողմերը կոնսենսուսի հասնեին: Վատ չէր լինի նաև կողմերի միջև համաձայնության ձեռքբերումը տարածաշրջանի երկրների օգնությամբ»,- ասել է նա:

«Որոշ մեծ երկրներ միջազգային կազմակերպությունները որպես գործիք են օգտագործում իրենց ձեռքում: Այդ իսկ պատճառով հայտնի չէ, թե ինչպիսին կլինի տարածաշրջանում միջազգային խաղաղապահական ուժերի տեղակայման ապագան: Եթե միջազգային կազմակերպություններն ու կառույցներն իսկապես անկախ լինեին և ինչ-որ մեկի ձեռքում խաղալիք չլինեին, խաղաղապահների տեղակայումը կարող էր հակամարտության կարգավորման ճանապարհներից մեկը դառնալ: Ներկա պահին մենք չենք տեսնում միջազգային կազմակերպությունների անկախությունը, և երբեմն այդ միջազգային ուժերն առավել բարդացնում են խնդիրը: Ուստի անհրաժեշտ է պայմաններ ստեղծել կարգավորման զանազան տարբերակներ օգտագործելու համար»,- ասել է Լարիջանին, հաղորդում է Տրենդը:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---