Վրաստանի խորհրդարանը համաձայնել է Թբիլիսիից տեղափոխվել Քութայիսի

PanARMENIAN.Net - Վրաստանի պատգամավորները երրորդ ընթերցմամբ ընդունել են օրինագիծ, որի համաձայն խորհրդարանի աշխատանքի վայր կդառնա Քութայիսի քաղաքը (երկրի արևմտյան մասում): Այդ որոշմանը «կողմ» է քվեարկել 103 պատգամավոր (150-ից): Մեկը «դեմ» է արտահայտվել: Խորհրդարանում տեղերի մեծամասնությունը զբաղեցնում է «Միասնական ազգային շարժում» կուսակցությունը, որի առաջնորդը երկրի նախագահ Միխայիլ Սահակաշվիլին է (2008թ. ընտրությունների ժամանակ կուսակցությունը ստացավ 150 մանդատներից 119-ը): Ընդդիմության ներկայացուցիչները, ինչպես հաղորդում է «Ինտերֆաքսը», քվեարկությանը չեն մասնակցել, հաղորդում է «Նովոստի-Գրուզիա» լրատվական գործակալությունը:

Խորհրդարանը ծրագրվում է Քութայիսի տեղափոխել 2012 թվականի ընտրություններից հետո: Ավելի վաղ հաղորդվում էր, որ պատգամավորները բացառապես Քութայիսիում չեն աշխատելու. այնտեղ ծրագրվում է միայն պլենարային նիստեր անցկացնել, իսկ խորհրդարանական կոմիտեները նախկինի պես կաշխատեն Թբիլիսիում:

2009 թվականին օրենսդիր մարմինը մայրաքաղաքից տեղափոխելու առաջարկով հանես եկավ պատգամավոր Ակակի Բոբոխիձեն: Բացատրելով նախաձեռնությունը` Բոբոխիձեն հայտնեց, որ այն կնպաստի քաղաքի և, առհասարակ, Վրաստանի արևմտյան հատվածի զարգացմանը:

Նախաձեռնությունն օժանդակեց իշխող կուսակցությունը և անձամբ Միխայիլ Սահակաշվիլին: Ընդդիմությունը հանդես եկավ նախաձեռնության դեմ` մատնանշելով, որ որոշումը մեծ ծախսերի կհանգեցնի` կապված խորհրդարանի նոր շենքի շինարարության, ինչպես նաև Թբիլիսիից Քութայիսի պատգամավորների պարբերական ուղևորությունների հետ:

Խորհրդարանի ֆինանսա-բյուջետային կոմիտեի ղեկավար Զուրաբ Մելիքիշվիլիի խոսքով, օրենսդիր մարմնի տեղափոխման համար կպահանջվի 57 միլիոն լարի (մոտ 34 միլիոն դոլար): Ընդդիմադիր պատգամավոր Ջոնդի Բագատուրիան ավելի մեծ գումար հնչեցրեց: Նրա հաշվարկներով, խորհրդարանի տեղափոխման համար կպահանջվի մոտ 100 միիլիոն լարի (մոտ 60 միլիոն դոլար), գրում է Lenta.ru-ն:

 Ուշագրավ
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Օրինագծով նաև նախատեսվում է հստակեցնել այն ժողովուրդների ցանկը, որոնք պատմականորեն ապրել են Ռուսաստանի տարածքում
---