«Դեմ ենք Մետրոյի թանկացմանը» նախաձեռնող խմբի ավելի քան 5000 ակտիվիստներ իշխանությանը հասարակական երկխոսության կոչ են անում

«Դեմ ենք Մետրոյի թանկացմանը» նախաձեռնող խմբի ավելի քան 5000 ակտիվիստներ իշխանությանը հասարակական երկխոսության կոչ են անում

PanARMENIAN.Net - «Դեմ ենք Մետրոյի թանկացմանը» շարժման ակտիվիստներն իշխանությանը կոչ են անում երկխոսության գնալ հասարակական շահերի պաշտպանության նպատակով: Հուլիսի 1-ից մետրոյի ուղետոմսի արժեքը կրկնակի թանկացնելու մասին Երևանի քաղաքապետ Կարեն Կարապետյանի որոշումից հետո հունիսի 29-ին Facebook սոցիալական ցանցում ստեղծված խմբի ակտիվիստները բաց նամակ հղեցին Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանին, վարչապետ Տիգրան Սարգսյանին և քաղաքապետ Կարեն Կարապետյանին` կոչ անելով քննարկել մետրոյի սակագնի առնչությամբ քաղաքապետի որոշումը, քանի որ այդ տրանսպորտային միջոցը ոչ թե մասնավոր է, այլ հասարակական: Այդ մասին հուլիսի 2-ին Երևանում կայացած մամլո ասուլիսում հաղորդել է խմբի ակտիվիստներից Արման Գևորգյանը: «Facebook խմբի ստեղծումից հետո մենք հասկացանք, որ մենակ չենք, քանի որ 2-3 օրվա ընթացքում մեզ 3000 մարդ միացավ»,- նշել է նա: Ավելին, ակտիվիստները բողոքի ակցիա անցկացրեցին քաղաքապետարանի շենքի դիմաց: Արման Գևորգյանն ասել է, որ ակտիվիստները սպասում են նախագահի վարչակազմի պատասխանին, քանի որ, օրենքի համաձայն, նրանք իրավունք ունեն պատասխանելու 30 օրվա ընթացքում:

Քաղաքացիական նախաձեռնության մեկ այլ մասնակից Իրինա Դավթյանն իր հերթին ավելացրել է, որ նամակում նաև ֆինանսատնտեսական և տեխնիկական անկախ աուդիտ, ինչպես նաև վերջին հինգ տարվա գործունեության հաշվետվություն տրամադրելու պահանջ կա: Նրա խոսքով, պետությունն ամեն տարի մետրոն սուբսիդավորում է ավելի քան 1 մլն դրամով, եթե հաշվի առնենք նաև ժետոնների վաճառքից ստացված գումարը` օրական մոտ 2 մլն դրամ (օրական 40 000 ուղևոր, մեկ ժետոնը` 50 դրամ), իսկ տարեկան այդ թիվը կազմում է շուրջ 730 մլն դրամ, ինչպես նաև մետրոն միջոցներ է ստանում տարածքի վարձակալությունից և գովազդային վահանակներից, այդ ողջ գումարով կարելի է ապահովել մետրոյի շահագործման ծախսերը և չբարձրացնել ուղետոմսի գինը: «Մետրոն պետք է թափանցիկ աշխատի, իսկ քաղաքացիները պետք է իմանան, թե որտեղ են օգտագործվում միջոցները, հակառակ դեպքում մենատիրության տպավորություն է ստեղծվում»,- ընդգծել է նա: Իրինա Դավթյանը նշել է, որ «Դեմ ենք Մետրոյի թանկացմանը» նախաձեռնող խմբի ակտիվիստների գործողություններն ուղղված են այն բանին, որպեսզի համատեղ ուժերով գտնվեն այդ տրանսպորտային միջոցի սակագնի բարձրացման խնդրի այլընտրանքային լուծումներ: Ներկա պահին Facebook-ում «Դեմ ենք Մետրոյի թանկացմանը» խմբին 5307 մարդ է միացել:

 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---