Թուրքիայի և Իրանի հետ Հայաստանի սահմանը պահպանող ռուս սահմանապահները լուծել են իրենց առջև դրված բոլոր խնդիրները: «Հայաստանում Ռուսաստանի ԱԴԾ Սահմանային վարչության գլխավոր խնդիրը` հանրապետության պետական սահմանի հուսալի պահպանությունն ապահովելը, սահմանի միջոցով գույքի անօրինական տեղափոխումն արգելելը, 2011-ի առաջին կիսամյակում կատարվել է»,- ասել է վարչության պետ, գեներալ-լեյտենանտ Վիկտոր Վլասովը` ելույթ ունենալով ծառայության արդյունքների ամփոփման խորհրդակցության ժամանակ:
Գեներալի խոսքով, ձերբակալվել են ավելի քան 150 սահմանախախտներ, առգրավվել է մինչև 60 միավոր սառը զենք, մաքսանենգային ապրանքներ ավելի 100 հազար ռուբլի արժողությամբ:
Սահմանային վարչության պետը որոշել է Թուրքայի և Իրանի հետ Հայաստանի պետական սահմանի պահպանության կատարելագործման հետագա միջոցները, հաղորդում է ԻՏԱՐ-ՏԱՍՍ-ը:
Թուրքիայի և Իրանի հետ Հայաստանի պետական սահմանի պահպանության համակարգը լիովին պահպանվել է ԽՍՀՄ ժամանակներից: Հայաստանի ղեկավարությունը ռուս սահմանապահների առկայությունը ռուսական ռազմաբազայի հետ միասին համարում է հանրապետության ազգային անվտանգության կարևոր բաղադրիչը:
Հայաստանում Ռուսաստանի ԱԴԾ Սահմանային վարչությունը ներառում է 4 սահմանամերձ ջոկատ` Գյումրիում, Արմավիրում, Արտաշատում և Մեղրիում, ինչպես նաև առանձին հսկիչ-անցումային կետ Երևանի «Զվարթնոց» օդանավակայանում: