Ջավախահայերը դեմ են ազգային փոքրամասնությունների դպրոցներում բիլինգվիստիկական համակարգի ներմուծմանը

PanARMENIAN.Net - Ջավախահայերը դեմ են այս տարվա սեպտեմբերից Վրաստանում ազգային փոքրամասնությունների դպրոցներում կրթության բիլինգվիստիկական համակարգի ներմուծմանը, քանի որ դա կարող է սպառնալ հայոց լեզվի ուսուցանմանը: Այդ մասին Երևանում մամլո ասուլիսում հայտարարել է «Վիրք» կուսակցության նախագահ Դավիթ Ռստակյանը: Նա նշել է, որ սեպտեմբերից առարկաների առնվազն 30 տոկոսը պետք է ուսուցանվի հավասարապես երկու լեզուներով` հայերեն և վրացերեն: Ռստակյանի խոսքով, դպրոցների շատ տնօրեններ մտահոգված են նրանով, որ այդ նորամուծությունը սպառնալու է հայոց լեզվին, սակայն վախենում են հրապարակավ դեմ դուրս գալ դրան:

Ռստակյանը նաև հաղորդել է, որ հիմա Ախալքալակում կառուցվում է մեծ վրացական դպրոց 400 աշակերտի համար, այն դեպքում, երբ գյուղերին հարակից շրջաններից հազիվ հավաքվում է 100-120 վրացի աշակերտ: Նրա խոսքով, այդ դպրոցի գլխավոր նպատակը հայերին հայերենի փոխարեն վրացերեն սովորեցնելն է: Իր հերթին «Ջավախք» ժողովրդական շարժման ղեկավար Նորիկ Կարապետյանը ենթադրել է, որ այդ դպրոցը կարող է նախատեսված լինել Ջավախք տեղափոխվող վրացիների համար, որոնց օգնությամբ իշխանությունները ցանկանում են փոխել ժողովրդագրական իրավիճակը: Նա նշել է, որ հայոց լեզվին Ջավախքում պետք է տրվի Լեզուների եվրոպական խարտիային համապատասխան տարածաշրջանային կարգավիճակ, որը ստորագրել է նաև Վրաստանը: Կարապետյանը հավելել է, որ Ջավախքն այնտեղ ապրող հայերի հայրենիքն է, և նրանք իրավունք ունեն խոսել և աշխատել մայրենի լեզվով:

 Ուշագրավ
Գինը վերջնական չէ, բանակցություններն ընթանում են։
Պատվաստված կամավորները կորոնավիրուսի դեմ իմունիտետ են ձեռք բերել
Նա նշել է, որ ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովը որևէ կերպ չի արձագանքել հուլիսի 12-ին իրադարձություններին
Զինվորականը սպանվել է հուլիսի 14-ի առավոտյան