Հախնազարյանի համերգը պետական ֆիլհարմոնիկ նվագախմբի հետ Չայկովսկու մրցույթից հետո առաջինն է լինելու

Հախնազարյանի համերգը պետական ֆիլհարմոնիկ նվագախմբի հետ Չայկովսկու մրցույթից հետո առաջինն է լինելու

PanARMENIAN.Net - Հուլիսի 24-ին Հայաստանի պետական ֆիլհարմոնիկ նվագախմբի համերգաշրջանի եզրափակիչ համերգը կայանալու է Չայկովսկու անվան միջազգային 14-րդ մրցույթում վերջերս հաղթանակած թավջութակահար Նարեկ Հախնազարյանի մասնակցությամբ:Նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Էդուարդ Թոփչյանը ասաց, որ առանձնակիորեն ուրախ է համերգաշրջանն ամփոփել Նարեկ Հախնազարյանի հետ համատեղ համերգով: Թոփչյանը հավելեց, որ Հախնազարյանի հետ համերգներ նրանք էլի ունեցել են և համերգաշրջանի ընթացքում փորձել են նորից համագործակցել, բայց անընդհատ չէր ստացվում: «Մենք Նարեկի հետ համերգ չենք տալիս, որովհետև նա Չայկովսկու անվան մրցույթի հաղթողն է: Համերգը վաղուց էր ծրագրված և ուղակի ժամանակի հարց էր», - ասաց մաեստրոն: Խոսելով համերգային ծրագրից, Թոփչյանն ասաց, որ հատուկ է ընտրվել Չայկովսկին, որովհետև Նարեկը հենց այդ մրցույթում է վերջերս հաղթել, և համերգաշարը ցանկացել են ավարտել կոմպոզիտորի հաղթական` 5-րդ սիմֆոնիայով: Այս համերգը Հախնազարյանի` մրցույթից հետո առաջին համերգն է լինելու:

Նարեկ Հախնազարյանը ծնվել է 1988 թ.-ն Երևանում: Ավարտել է Մոսկվայի պետական կոնսերվատորիան և կարճ ժամանակահատվածում դարձել միջազգային համբավ վայելող երաժիշտ: «Վաշինգթոն փոսթ» թերթը նրան անվանել է ֆենոմենալ թավջութակահար: Նարեկ Հախնազարյանը մասնակցել է բազմաթիվ միջազգային մրցույթների և ամենուր արժանացել բարձր գնահատանքի: Նա ելույթներ է ունեցել ԱՄՆ-ում՝ Լոս Անջելեսում, Բոստոնում, Նյու Յորքում, Ֆլորիդայում, ինչպես նաև Տոկիոյում, Լոնդոնում, Փարիզում, Վիեննայում, Մոսկվայում, Երեւանում եւ աշխարհի այլ մայրաքաղաքներում։ Այժմ Հախնազարյանը Փասադենայի սիմֆոնիկ նվագախմբի մենակատարն է: 2011 թ-ին նա փայլուն հաղթանակ տարավ Չայկովսկու անվան միջազգային 14-րդ մրցույթում:

 Ուշագրավ
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում
Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․
Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով
---