22 հուլիսի 2011 - 19:41 AMT
ԵՄ-ն պատրաստ է և ցանկանում է մասնակցել ղարաբաղյան հիմնախնդրի լուծմանը

Եվրամիությունը ձգտում է ակտիվացնել ջանքերը և ներգրավվածությունը ղարաբաղյան հակամարտության կարգավորման մեջ: Ինչպես հայտարարել է Արևելյան գործընկերության քաղաքականության և ընդլայման հարցերով եվրահանձնակատար Շտեֆան Ֆյուլեն, տվյալ պահին ավելի շատ միջոցներ են հատկացվում հակամարտող գոտիներում վստահության միջոցներն ամրապնդելու համար: Սակայն, Ֆյուլեի խոսքով, դա ընդամենն առաջին քայլն է: Հետագայում Բրյուսելը կարող է և ցանկանում է ավելի անել:

Ինչպես նշել է Ֆյուլեն, Եվրամիությունը հայտարարում է ղարաբաղյան հակամարտության կարգավորման մեջ մասնակցելու ցանկության և պատրաստակամության մասին:

Ֆյուլեն նշել է, որ ԵԱՀԿ ՄԽ ձևաչափի փոփոխության հարցը չի քննարկվում: Նրա խոսքով, ներկա փուլում հենց ՄԽ-ն և հակամարտող կողմերը պետք է պայմաններ ստեղծեն ԵՄ-ին այդ գործընթացի մեջ ընդգրկելու համար:

Եվրամիությունը բացի վստահության միջոցներն ամրապնդելուց նաև կարող է մշակել ավելի իրական օգնության փաթեթ, բայց միայն այն բանից հետո, երբ կողմերը կհանգեն համաձայնության:

ԵՄ-ն պատրաստ է օգնել նաև ենթակառուցվածքի վերականգնման մեջ, հաղորդում է AZE.az՝ մեջբերելով «Ազատություն» ռադիոկայանը: