Ադրբեջանը հակահայկական քարոզչության համար նոր դաշտ է գտել` Ինդոնեզիան

Ադրբեջանը հակահայկական քարոզչության համար նոր դաշտ է գտել` Ինդոնեզիան

PanARMENIAN.Net - Ադրբեջանը գնալով նորանոր երկրներ է ներգրավում իր հակահայկական քարոզչության մեջ, անկախ դրանց աշխարհագրական դիրքից և նշանակությունից: Այս անգամ այդպիսի երկրների թիվը համալրել է Ինդոնեզիան: Թե քանի ինդոնեզիացիներ կկարողանան աշխարհի քարտեզի վրա ցույց տալ Հարավային Կովկասը և, առավել ևս, Ադրբեջանը, տվյալ դեպքում Բաքվի համար նշանակություն չունի, քանի որ այդ «սպիտակ դաշտը» կարելի է օգտագործել հզոր հակահայկական քարոզչության մշակման համար:

Ադրբեջանական լրատվամիջոցները հանդիսավոր կերպով հաղորդել են, որ Ինդոնեզիայի խորհրդարանում ծրագրվում է հատուկ խումբ ստեղծել Լեռնային Ղարաբաղի հակամարտության կապակցությամբ` Ինդոնեզիայի հասարակայնությանն այդ խնդրի մասին «հավաստի» տեղեկատվություն տրամադրելու նպատակով: Մինչ այդ Ադրբեջանի դեսպանությունը Ինդոնեզիայի հասարակայնությանը ղարաբաղյան հիմնախնդրի մասին «հավաստի» տեղեկատվություն տրամադրելու նպատակով «մի շարք հանդիպումներ է անցկացրել այդ երկրի խորհրդարանում, համալսարաններում»: Թե ինչու է Ինդոնեզիայի ուսանողներին և խորհրդարանականներին հարկավոր տեղեկատվություն Ղարաբաղի մասին, առավել ևս` «հավաստի տեղեկատվության» ադրբեջանական տարբերակը, որը խիստ տարբերվում է իրականությունից, հայտնի չէ: Սակայն Ադրբեջանի դեսպանությունն Ինդոնեզիայի խորհրդարանում անգամ ղարաբաղյան հիմնախնդրի վերաբերյալ լսումներ է կազմակերպել: Թե ինչով են ավարտվել լսումները և ինչի են հանգեցրել, կփորձենք իմանալ` կապվելով հենց Ինդոնեզիայի ներկայացուցիչների հետ, քանի որ այդ հարցում ավանդաբար չարժե վստահել ադրբեջանական մամուլի հաղորդագրություններին:

Համաձայն Ինդոնեզիայում Ադրբեջանի գործերի ժամանակավոր հավատարմատար Ֆարիդ Թալիբովի, Ինդոնեզիան միշտ ղարաբաղյան հարցում «Ադրբեջանի դիրքորոշմանը համերաշխություն է ցուցադրել»: Բայց ի՞նչ է ակնկալում Բաքուն: Այն, որ Ինդոնեզիան ինչ-որ կերպ աշխարհի ուժեղագույն տերություններին կստիպի ենթարկվել Ադրբեջանին և նրա դատին հանձնել Ղարաբաղն իր ողջ բնակչությա՞մբ: Ինչո՞վ կարող է Ջակարտան օգնել Ադրբեջանին Հայաստանի դեմ նրա պայքարում, որում Բաքվի համար «բոլոր միջոցներն էլ կիրառելի են»: Միայն նրանով, որ նա կկարողանա +1 ձայն ապահովել հերթական հակահայկական բանաձևերի համար ՄԱԿ-ում և Իսլամական Խորհրդաժողովի Կազմակերպությունում, որոնց անդամն է հանդիսանում: Իսկ այդ բանաձևերը, ինչպես հայտնի է, ոչ մի ուժ չունեն, քանի որ բացառապես խորհրդատվական բնույթ են կրում: Այնուամենայնիվ, Ադրբեջանը շարունակում է իր` աշխարհի երկրների «քարոզչական նվաճումը», չի բացառվում, որ ելնելով «տնտեսության մեջ ամեն բան պետք կգա» սկզբունքից:

Մարինա Անանիկյան / PanARMENIAN News
Ղարաբաղա-ադրբեջանական հակամարտությունը

Ղարաբաղա-ադրբեջանական հակամարտությունը սկսվեց 1988 թվականին: Ի պատասխան Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզի (ԼՂԻՄ) բնակչության 80% կազմող հայերի խաղաղ պահանջներին, Ադրբեջանը ագրեսիա ծավալեց խաղաղ բնակչության դեմ: 1991-1994թթ. ազգային-ազատագրական պատերազմի արդյունքում հռչակվեց Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը: ԼՂՀ պաշտպանության բանակը նաեւ ԼՂՀ շուրջ անվտանգության գոտի ստեղծեց, որը 7 շրջաններ է ներառում: 1994թ. մայիսի 11-ին հրադադարի մասին համաձայնություն ձեռք բերվեց (Բիշկեկյան արձանագրություն): Ներկայումս հակամարտության կարգավորմամբ զբաղվում են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները` Ֆրանսիան, ԱՄՆ-ն եւ Ռուսաստանը:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---