Ալեքսեյ Վլասով. ԼՂ շուրջ բանակցությունները համաշխարհային շուկաների անցկացման պես անկայուն և անկանխատեսելի են

Ալեքսեյ Վլասով. ԼՂ շուրջ բանակցությունները համաշխարհային շուկաների անցկացման պես անկայուն և անկանխատեսելի են

PanARMENIAN.Net - Առայժմ վաղ է եզրակացություններ կատարել Ադրբեջանի և Ռուսաստանի նախագահների բանակցությունների շուրջ, քանի որ և' Մոսկվայում, և' Բաքվում հայտարարությունների տոնայնությունը բավական զուսպ է, գտնում է «Վեստնիկ Կավկազա» տեղեկատվա-վերլուծական գործակալության գլխավոր խմբագիր Ալեքսեյ Վլասովը: «Պետք է սպասել օգոստոսի 12-ին և Ռուսաստանի ու Հայաստանի նախագահներ Դմիտրի Մեդվեդևի ու Սերժ Սարգսյանի հանդիպմանը ՀԱՊԿ գագաթաժողովի ձևաչափում: Կարծում եմ` դրանից հետո շատ բան պարզ կդառնա»,- ասել է Վլասովը, հաղորդում է Trend-ը:

«Սակայն եռակողմ հանդիպումների առնչությամբ, կարծում եմ, միջնորդներին կհաջողվի պահպանել բանակցային գործընթացի նախկին ձևաչափը: Իսկ ահա կոնկրետ արդյունքների վերաբերյալ չեմ համարձակվում կանխատեսումներ կատարել»,- ասել է Վլասովը: Նրա խոսքով, Երևանի ու Բաքվի բանակցությունների ընթացքը գնալով ավելի շատ է հիշեցնում համաշխարհային շուկաների անցկացումը` անկայուն և անկանխատեսելի: Մեդվեդև-Ալիև հանդիպումը կայացել է Ռուսաստանի նախագահի նախաձեռնությամբ օգոստոսի 9-ին Սոչիում: Հանդիպման ընթացքում Դմիտրի Մեդվեդևը հայտնել է, թե «կցանկանայի, որ մեր խոսակցությունը շատ անկեղծ լինի՝ ի՞նչ անել հետագայում , ինչպե՞ս են զարգանալու իրադարձությունները` հաշվի առնելով Կազանի վերջին եռակողմ հանդիպումն ու առաջիկա հանդիպումները»:

Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի հետ Դմիտրի Մեդվեդևը, հավանաբար, կհանդիպի Ղազախստանում օգոստոսի 12-ին՝ ՀԱՊԿ ոչ պաշտոնական գագաթաժողովի ժամանակ:

ՌԴ նախագահի նախաձեռնությամբ հունիսի 24-ին Ադրբեջանի, Հայաստանի և Ռուսաստանի նախագահների՝ Կազանում կայացած գագաթաժողովն ավարտվեց առանց Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման շուրջ հիմնարար սկզբունքների մասին պայմանավորվածությունների ձեռքբերման: Ինչպես հայտնել է Հայաստանի ԱԳ նախարարը, կողմերին չի հաջողվել համաձայնության գալ, որովհետև Ադրբեջանի նախագահը վերջին պահին 10 նոր փոփոխություն է ներկայացրել: Կազանյան հանդիպման ձախողումից հետո Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդևը Երևանին ու Բաքվին ղարաբաղյան գործընթացի վերաբերյալ իր առաջարկներն ուղղեց, որոնք փոխանցեց ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը: Հայաստանն ու Ադրբեջանն արդեն ուղղել են իրենց պաշտոնական պատասխանները Մեդվեդևի առաջարկներին:

Ղարաբաղա-ադրբեջանական հակամարտությունը

Ղարաբաղա-ադրբեջանական հակամարտությունը սկսվեց 1988 թվականին: Ի պատասխան Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզի (ԼՂԻՄ) բնակչության 80% կազմող հայերի խաղաղ պահանջներին, Ադրբեջանը ագրեսիա ծավալեց խաղաղ բնակչության դեմ: 1991-1994թթ. ազգային-ազատագրական պատերազմի արդյունքում հռչակվեց Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը: ԼՂՀ պաշտպանության բանակը նաեւ ԼՂՀ շուրջ անվտանգության գոտի ստեղծեց, որը 7 շրջաններ է ներառում: 1994թ. մայիսի 11-ին հրադադարի մասին համաձայնություն ձեռք բերվեց (Բիշկեկյան արձանագրություն): Ներկայումս հակամարտության կարգավորմամբ զբաղվում են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները` Ֆրանսիան, ԱՄՆ-ն եւ Ռուսաստանը:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---