Սեպտեմբերի 18-ին Ախթալայում հայկական խորոված կարող են համտեսել 5000 հյուրեր, այդ թվում` Վրաստանից և Ռուսաստանից

Սեպտեմբերի 18-ին Ախթալայում հայկական խորոված կարող են համտեսել 5000 հյուրեր, այդ թվում` Վրաստանից և Ռուսաստանից

PanARMENIAN.Net - «Հայ խոհարարական ավանդույթների զարգացման և պահպանման» հասարակական կազմակերպությունը, ՀՀ Էկոնոմիկայի նախարարության աջակցությամբ, սույն թվականի սեպտեմբերի 18-ին, Լոռու մարզում կազմակերպում է Խորովածի համահայկական 3-րդ փառատոնը: Այդ մասին Երևանում մամլո ասուլիսում հայտնել է Հայաստանի էկոնոմիկայի նախարարության տարածքային-տնտեսական զարգացման և զբոսաշրջության վարչության պետ Մեխակ Ապրեսյանը: Նրա խոսքով, կառավարության քաղաքականությունն ուղղված է Հայաստանում հրապուրիչ զբոսաշրջային միջավայրի ձևավորմանը, և պետք է սկսել հենց ներքին կյանքը, ավանդույթները և ազգային արժեքները հարստացնելուց: Այս տարի պետբյուջեից ավելի շատ ֆինանսավորում է հատկացվել` շուրջ 3.2 մլն դրամ, սակայն բյուջեն ավելի շատ է, քանի որ փառատոնի կազմակերպմանը միացել է նաև մասնավոր հատվածը:

Իր հերթին «Հայ խոհարարական ավանդույթների զարգացման և պահպանման» ՀԿ նախագահ Սեդրակ Մամուլյանը հավելել է, որ փառատոնն ուղղված է համաշխարհային մակարդակում հայկական ազգային խոհանոցի ճանաչելիության բարձրացմանը, ինչպես նաև երկրի հյուսիսում զբոսաշրջության զարգացմանը: Նա նշել է, որ հաջորդ տարի Հայաստանն առաջին անգամ հայտ կներկայացնի նույնանման միջազգային փառատոների (բարբեքյու) մասնակցելու համար:

Փառատոնն այս տարի կանցկացվի հանրահայտ ֆիլմի անվանումը կրող` «Երբ գալիս է սեպտեմբերը» խորագրով: Փառատոնին հրավիրված է ֆիլմի գլխավոր դերակատար, սիրված դերասան Արմեն Ջիգարխանյանը, որի բրոնզաձույլ արձանը` խորոված անելիս, կբացվի Ախթալայում՝ միջոցառման ընթացքում (մեծ դերասանը տվել է մասնակցության իր նախնական համաձայնությունը): Միջոցառմանը նախատեսվում է նաև աշխարհահռչակ բռնցքամարտիկ Վիկ Դարչինյանի մասնակցությունը:

Միջոցառման հրավիրված են նաև ՀՀ կառավարության անդամներ, Ազգային ժողովի պատգամավորներ, միջազգային և հասարակական կազմակերպությունների, զբոսաշրջության ոլորտի ներկայացուցիչներ:

Փառատոնի ընթացքում նախատեսվում են մի շարք հետաքրքիր միջոցառումներ: Մասնավորապես` ՀՀ անկախության քսանամյակի կապակցությամբ պատրաստվել է 20 մետրանոց մանղալ, որը փառատոնի ժամանակ տրամադրվելու է Հայաստանում բնակվող ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչներին, ինչպես նաև Վրաստանից, Ռուսաստանից, եվրոպական երկրներից ժամանած հյուրերին, որոնք պատրաստելու են խորովածի իրենց ազգային տարատեսակները:

Փառատոնը ձեռք է բերել մեծ մասսայականություն և հետաքրքրություն է առաջացրել ոչ միայն Հայաստանում, այլ նաև արտերկրում. Վրաստանում, Ռուսաստանում, Եվրոպայում: Անգամ հեռավոր Հունաստանում բնակվող ախթալեցիներ խորովածի փառատոնի օրերին այցելում են Հայաստան` մասնակցելու միջոցառմանը:

Փառատոնի աջակիցներ և հովանավորներ. ՀՀ էկոնոմիկայի նախարարություն, Լոռու մարզպետարան, Ախթալայի քաղաքապետարան, «Արվասար» ռեստորան, «Լոռվա ձոր» հայրենակցական միություն և այլն:

«Հայ խոհարարական ավանդույթների զարգացման և պահպանման» ՀԿ ստեղծվել է 2007 թ.: Կազմակերպության նպատակը հայ ավանդական խոհանոցի մոռացված կերակրատեսակների վերհանումն է, հայոց ավանդական խոհանոցի մասսայականացումն ու տարածումը, հայկական խոհանոցի ամրագրումը որպես մշակութային արժեք, ինպես նաև՝ հայկական խոհանոցի և հարևան ազգերի խոհանոցների փոխներգործության և կապերի բացահայտումը:

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
---