Հայաստանի երիտասարդական նվագախումբը ելույթ ունեցավ Օդեսսայում

Հայաստանի երիտասարդական նվագախումբը ելույթ ունեցավ Օդեսսայում

PanARMENIAN.Net - Սեպտեմբերի 5-ին Օդեսսայի ֆիլհարմոնիայի մեծ դահլիճում առաջին անգամ տեղի ունեցավ Հայաստանի պետեկան երիտասարդական նվագախմբի համերգը, հայտնում է նվագախմբի մամլո բաժինը: Համերգը կայացել է «Օդեսսան դիմավորում է ընկերներին» փառատոնի շրջանակներում և նվիրված էր քաղաքի 217 ամյակին:

Նվագախմբի հետ համատեղ ելույթ ունեցան դաշնակահարներ Ջուլիա Զիլբերկվիտը (ԱՄՆ) և Ուկրաինայի վաստակավոր արտիստ Ալեքսանդր Բոտվինովը:

Ծրագրում հնչեցին Սեզար Ֆռանկի, Կլոդ Դեբյուսիի, Պյոտր Չայկովսկու և Արամ Խաչատրյանի և Ալեքսանդր Հարությունյանի ստեղծագործությունները:

Հայաստանի պետական երիտասարդական նվագախումբը հիմնադրվել է 2006 թ-ին, պետական կարգավիճակ ստացել 2008-ին: Նվագախմբի գեղարվեստական ղեկավարն ու գլխավոր դիրիժորն է Սերգեյ Սմբատյանը: Երևանում նվագախումբը ելույթ է ունեցել այնպիսի աշխարհահռչակ երաժիշտների հետ, ինչպիսիք են` Վադիմ Ռեպինը, Նարեկ Հախնազարյանը, Մարիո Ստեֆանո Պիետրոդարկին, Դենիս Մացուևը, Մաքսիմ Վենգերովը և ուրիշները: 5 տարիների ընթացքում նվագախումբը բազմիցս Հայաստանը պատվով ներկայացրել է աշխարհի տարբեր հանրաճանաչ դահլիճներում` Փարիզի “Opera Garinier” , Բեռլինի “Konzerthaus”, Մոսկվայի Չայկովսկու անվան կոնսերվատորիայի մեծ համերգասրահում, Չայկովսկու անվան համերգասրահում (Մոսկվայի ֆիլհարմոնիա): Երաժիշտները վարպետության դաս են ստացել աշխարհահռչակ դիրիժոր Վալերի Գերգիևից:

Երաժիշտների մեծամասնությունը Վլադիմիր Սպիվակովի բարեգործական հիմնադրամի կրթաթոշակառուներ են: Նվագախումբը հանդիսանում է նաև Հայ կոմպոզիտորական արվեստի փառատոնի կազմակերպիչը, սերտորեն համագործակցում է նաև «ՍՈՍ» մանկական բարեգործական հիմնադրամի Կոտայքի մասնաճյուղի հետ` երեխաներին հրավիրելով բոլոր համերգներին: Նվագախմբի հովանավորն է ՎիվաՍել-ՄՏՍ-ը:

 Ուշագրավ
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում
Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․
Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով
---