ՀՀ Կենտրոնական բանկը վերաֆինանսավորման տոկոսադրույքը իջեցրել է 0.5 տոկոսային կետով և սահմանել այն 8%

ՀՀ Կենտրոնական բանկը վերաֆինանսավորման տոկոսադրույքը իջեցրել է 0.5 տոկոսային կետով և սահմանել այն 8%

PanARMENIAN.Net - 2011 թ. սեպտեմբերի 6-ի նիստում Հայաստանի Կենտրոնական բանկի խորհուրդը որոշեց իջեցնել վերաֆինանսավորման տոկոսադրույքը 0.5 տոկոսային կետով և սահմանել այն 8%:

Ինչպես նշվում է ՀՀ ԿԲ հասարակայնության հետ կապերի ծառայության հաղորդագրության մեջ, 2011թ. օգոստոսին արձանագրվել է 0.6% գնանկում, որի արդյունքում 12-ամսյա գնաճը նախորդ ամսվա ցուցանիշի նկատմամբ նվազել է 1.5 տոկոսային կետով և կազմել 4.8%` վերադառնալով 4%±1.5 տոկոսային կետ տատանումների թույլատրելի միջակայք:

ՀՀ ԿԲ Խորհուրդն արձանագրեց, որ ներկայումս տնտեսության արտաքին հատվածից եկող ազդակները գնաճային միջավայրի վրա գնահատվում են չեզոք` որոշակի գնանկումային ռիսկերի դրսևորման հավանականությամբ: Սակայն դեռևս պահպանվում են զարգացած երկրների հիմնարար անհաշվեկշռվածություններով պայմանավորված համաշխարհային տնտեսության հեռանկարների անորոշությունները:

Խորհուրդը համակարծիք է, որ ներկայումս ներքին պահանջարկի ազդեցությունը գնաճային միջավայրի վրա նվազեցման ուղղությամբ է. մասնավոր ծախսումների ազդեցությունը գնահատվում է չեզոք, հարկաբյուջետային քաղաքականության ազդեցությունը` զսպող: Չեզոք ազդեցություն ունեն նաև աշխատանքի շուկայի զարգացումները` արտադրողականության և անվանական աշխատավարձերի հարաբերակցության առումով:

Խորհուրդն ամփոփեց, որ գնաճի վերջին ամիսների զարգացումները համահունչ են 2011 թ. դրամավարկային քաղաքականության ծրագրերում նախանշված հետագծին: Դրամավարկային պայմանների թուլացումը հնարավորություն կտա մեծ հավանականությամբ գնաճը կանխատեսվող հորիզոնում ձևավորել տատանումների թույլատրելի միջակայքի սահմաններում` միաժամանակ լրացուցիչ խթաններ ստեղծելով տնտեսական ակտիվության ավելացման համար:

 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---