Տիգրան Համասյանի երևանյան համերգի տոմսերն արդեն վաճառվում են

Տիգրան Համասյանի երևանյան համերգի տոմսերն արդեն վաճառվում են

PanARMENIAN.Net - Բազմաթիվ հեղինակավոր միջազգային մրցույթների դափնեկիր, 2006 թ. Մոնքի անվան միջազգային ջազ մրցույթի հաղթող, ջազ դաշնակահար Տիգրան Համասյանի բարեգործական համերգաշարի եզրափակիչ համերգի տոմսերն արդեն վաճառվում են: Դաշնակահարի երկրպագուներն այսուհետ կարող են համերգի 5000, 10 000 և 15 000 դրամ արժողությամբ տոմսերը ձեռք բերել Ֆիլհարմոնիայի տոմսարկղից: Համերգաշարի շրջանակում, որը կազմակերպել է PanARMENIAN Media-ն, Համասյանը ելույթ կունենա նաև Գյումրիում և Ստեփանակերտում «Universal Music» ընկերությունում թողարկած Համասյանի «A Fable» նոր ձայնասկավառակի ընծայման առթիվ: Բացի դրանից, նրա երկրպագուները համերգաշարի ընթացքում բացառիկ հնարավորություն ունեն ձեռք բերել «A Fable»-ի 100 օրինակ Համասյանի մակագրությամբ:

Սեպտեմբերի 17-ին տրիոն համերգ կտա Արցախում` ԼՂՀ Մշակույթի և երիտասարդության պալատում, սեպտեմբերի 18-ին Երևանի Գաֆէսճեան արվեստի կենտրոնի հատուկ միջոցառումների սրահում, սեպտեմբերի 19-ին Գյումրու Աճեմյանի անվան պետական դրամատիկական թատրոնում:

Համասյանը հայրենիքում ունեցել է 2 համերգ: Առաջինը ուդահար Դաֆեր Յուսեֆի հետ համատեղ բարեգործական համերգն էր, երկրորդը` հայկական ջազի 70-ամյակին նվիրված միջոցառումների շրջանակում կայացած համերգը ARATTA REBIRTH խմբի հետ: Երևանում կայանալիք համերգը իր տեսակով բացառիկ է, քանի որ այստեղ դաշնակահարը մի ամբողջ հատված ելույթ է ունենալու միայնակ, առանց «Տիգրան Համասյան տրիոյի» մյուս երաժիշտների (Սամ Մինայե - բաս, Արի Հոենիգ - հարվածայիններ):

Տիգրան Համասյանը ծնվել է 1987 թվականին Գյումրիում: Ավարտել է Երևանի Միքայել Միրզոյանի անվան երաժշտական դպրոցը, այնուհետև ընդունվել Պ. Չայկովսկու անվան երաժշտական ուսումնարան: Կարճ ժամանակ անց Համասյանը տեղափոխվել է Նյու Յորք:

Միայն 2003-ին արժանացել է տարբեր կարգի մրցանակների 5 մրցույթներում, մասնավորապես՝ 3-րդ տեղը Փարիզի ջազ-դաշնակահարների միջազգային մրցույթում, առաջին տեղը Jazz a Juan Revelations-ում, Montreux Jazz Solo Piano Competition-ում, երրորդ տեղը Ջազ-դաշնակահարների մոսկովյան առաջին միջազգային մրցույթում, առաջին տեղը` Մոնակոյի ջազ-դաշնակահարների մրցույթում: 2004-ին լույս է տեսել Տիգրան Համասյանի դեբյուտային ալբոմը` ձայնագրված WORLD PASSION քառյակի հետ: 2008-ին` Նյու Յորք տեղափոխվելուց առաջ, ARATTA REBIRTH խմբի հետ ձայնագրել է «Red Hall» կոչվող ալբոմը: Ներկայում Տիգրան Համասյանը հանդես է գալիս ջազի համաշխարհային աստղերի հետ, գրում և ձայնագրում է նոր ստեղծագործություններ, հրավերներ ստանում աշխարհի լավագույն ջազ փառատոններից և համերգներով հանդես գալիս աշխարհի տարբեր երկրներում:

 Ուշագրավ
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում
Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․
Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով
---