Հայաստանի հավաքականը 4:0 հաշվով ջախջախիչ պարտության մատնեց Սլովակիայի հավաքականին

Հայաստանի հավաքականը 4:0 հաշվով ջախջախիչ պարտության մատնեց Սլովակիայի հավաքականին

PanARMENIAN.Net - Ֆուտբոլի Հայաստանի հավաքականը «Ժիլինա» մարզադաշտում 2012-ի Եվրոպայի առաջնության ընտրական մրցաշարի շրջանակներում ջախջախիչ պարտության մատնեց Սլովակիայի հավաքականին: Վարդան Մինասյանի սաները 4 անպատասխան գնդակ ուղարկեցին Յան Մուխայի դարպասը:

Առաջին խաղակեսը չէր խոստանում խոշոր հաշիվ, առավել վտանգավոր էին գործում սլովակ ֆուտբոլիստները, որոնք մի քանի անգամ անհանգստացրեցին Ռոման Բերեզովսկուն: Առաջին խաղակեսում եղան մի քանի խախտումներ սլովակների կոշտ, երբեմն էլ կոպիտ խաղի պատճառով: Թիմերն ընդմիջման գնացին 0:0 հաշվով:

Երկրորդ խաղակեսում խաղի պատկերն արմատապես փոխվեց. հայ ֆուտբոլիստները սկսեցին ավելի վստահ ու հավաքված գործել, ինչպես նաև ավելի արագ, քան առաջին խաղակեսում: Սլովակիայի դարպասում առաջին գնդակը հայտնվեց 57-րդ րոպեին, և գոլի հեղինակ դարձավ Յուրա Մովսիսյանը: Հետո հեռավոր տարածությունից անհավանական գեղեցիկ հարվածով գոլ խփեց Հենրիխ Մխիթարյանը:

Սլովակիան արդեն կորցնելու բան չուներ, և նրանք գնացին վճռական գրոհի` մոռանալով պաշտպանության մասին: Բայց Հայաստանի հավաքականը վստահ պաշտպանվում էր և հակագրոհում: 78-րդ րոպեին գոլի հեղինակ դարձավ Գևորգ Ղազարյանը, վերջնական հաշիվը ձևավորեց փոխարինման դուրս եկած Արթուր Սարկիսովը, որն իր առաջին գոլը խփեց Հայաստանի հավաքականի կազմում: Վարդան Մինասյանի սաները կարևոր հաղթանակ տարան և շարունակում են պահել ԵԱ եզրափակիչ փուլ դուրս գալու շանսերը:

Մովսիսյանը, Մխիթարյանը և Ղազարյանն աչքի ընկան նաև երևանյան խաղում, այդ ժամանակ Հայաստանի հավաքականը հաղթեց 3:1 հաշվով: Երկու խաղերում հայ ֆուտբոլիստներին հաջողվեց 7 անգամ գրավել սլովակների դարպասը:

Հայաստանի հավաքականը վաստակեց 14 միավոր և մրցաշարային աղյուսակում զբաղեցնում է 3-րդ տեղը: Առաջին տեղում Ռուսաստանն է 17 միավորով, 2-րդ տեղում` Իռլանդիան (15 միավոր): Հաջորդ խաղը Հայաստանի հավաքականն անցկացնելու է հոկտեմբերի 7-ին Երևանում:

 Ուշագրավ
Ավելի վաղ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն էր դարձել Բարեղամ Հարությունյանը
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
---