12 սեպտեմբերի 2011 - 16:49 AMT
Odnoklassniki.ru ցանցը գործարկել է տեսազանգեր իր iOS ծրագրի համար

«Համադասարանցիներ» (Odnoklassniki.ru) սոցիալական ցանցը iOS օպերացիոն համակարգերով աշխատող սարքերի համար (iPad, iPhone, iPod) իր ծրագրի մեջ ավելացրել է տեսազանգի ֆունկցիան։ Այս մասին հաղորդում է Lenta.ru-ն։

Ծրագրի այս ֆունկցիան աշխատում է iOS 4.0-ի և ավելի բարձր տարբերակների վրա։ Հնարավոր է թե՛ կատարել, թե՛ ստանալ տեսազանգեր օնլայն գտնվող ընկերոջից։

«Համադասարանցիներ»-ի iOS ծրագրի տեսազանգի ֆունկցիան անվճար է՝ չհաշված բջջային օպերատորի ինտերնետի թրաֆիկի համար գանձվող գումարը։

«Համադասարանցիներ» սոցիալական ցանցն ունի նաև բջջային ծրագիր Android օպերացիոն համակարգով աշխատող հեռախոսների համար։ Տեսազանգի այս ֆունկցիան Android ծրագրի համար դեռ չի գործում։

«Համադասարանցիներ»-ը 2010-ի դեկտեմբերին ներկայացրել էր տեսազանգերի ֆունկցիան։ Սկզբնական շրջանում ֆունկցիան աշխատում էր բեթա տարբերակով, իսկ 2011-ից հունիսից հասանելի է բոլոր օգտագործողների համար։

«Համադասարանցիներ» սոցիալական ցանցը գործում է 2006-ից։