16 սեպտեմբերի 2011 - 12:50 AMT
Ամերիկյան ընկերությունը նույնպե՞ս մասնակից է սարքավորումների մատակարարմանն Ադրբեջանին

Կանադական NovAtel ընկերությունից բացի, որի արտադրության դետալները նկատվել են Արցախի ՀՕՊ կողմից ոչնչացված ադրբեջանական անօդաչու ինքնաթիռի վրա, բացառված չէ ամերիկյան ընկերության կողմից Ադրբեջանին սարքավորումներ տրամադրելը, որն արտադրում է ազդանշանների բաշխիչներ, գրում է Asbarez-ը:

Մասնավորապես, տեսանյութերում, որտեղ երևում է անօդաչու սարքը, լավ երևում է Pueblo West ընկերության անվանումը, որը գտնվում է Կոլորադոյում և արտադրում է ազդանշանների բաշխիչներ GPS նավիգացիոն համակարգերի համար, որոնք տեղադրվել են անօդաչու ինքնաթիռում:

Ավելի վաղ հայտնի է դարձել կանադական NovAtel ընկերության արտադրության դետալների առկայության մասին, որը նույնպես գրասենյակ ունի ԱՄՆ-ում:

Սեպտեմբերի 12-ին ժամը 7.30-ի սահմանում ՊԲ ՀՕՊ և ռադիոէլեկտրոնային պայքարի ստորաբաժանումների կողմից ձեռնարկված հատուկ միջոցառումների արդյունքում Մարտունու շրջանի Վազգենաշեն գյուղի մերձակայքում շարքից հանվել է ադրբեջանական զինուժի մեկ անօդաչու թռչող սարք: Խփված ինքնաթիռի մասերը գտնվում են ՊԲ համապատասխան ծառայությունների տրամադրության տակ: Դեպքի մանրամասները ուսումնասիրելու համար ստեղծվել է հանձնաժողով, տարվում է քննություն: