Մելքոնյան. Հայ-թուրքական արձանագրությունների վերադարձը թուրքական խորհրդարանի օրակարգ զուտ ավանդական քայլ է

Մելքոնյան. Հայ-թուրքական արձանագրությունների վերադարձը թուրքական խորհրդարանի օրակարգ զուտ ավանդական քայլ է

PanARMENIAN.Net - Հայ-թուրքական արձանագրությունների վերադարձը Թուրքիայի խորհրդարանի օրակարգ զուտ ավանդական քայլ է: Այդ մասին PanARMENIAN.Net ի թղթակցի հետ զրույցում հայտնել է թուրքագետ Ռուբեն Մելքոնյանը: Նրա խոսքով, ավանդույթի համաձայն, Թուրքիայի նոր խորհրդարանը միշտ օրակարգ է վերադարձնում այն փաստաթղթերը, որոնք չեն քննարկվել հին խորհրդարանում: «Արձանագրությունների հետ միասին խորհրդարանի օրակարգում ընդգրկվել են նաև այլ փաստաթղթեր»,- ասել է նա` հավելելով, որ դրանում ոչ մի առանձնահատուկ բան չկա: Նրա խոսքով, Արձանագրությունների վերադարձը թուրքական խորհրդարանի օրակարգ չի նշանակում, որ հայ-թուրքական հարաբերությունները մոտ ապագայում զգալիորեն կփոխվեն կամ երկու երկրների միջև հարաբերությունների կարգավորման գործընթացում առաջընթաց կլինի: «Թուրքիան կշարունակի իր զինանոցում պահել Հայ-թուրքական արձանագրությունները և անհրաժեշտության դեպքում նոր խթան կհաղորդի այդ գործընթացին»,- ասել է նա: Հայ փորձագետը նշել է նաև, որ Արձանագրությունները խորհրդարան վերադարձնելով, Թուրքիան փորձում է նաև ապացուցել միջազգային հանրությանն ու Հայաստանին, որ ինքը վճռական է հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման հարցում:

Թուրքիայի Նախարարների խորհուրդը խորհրդարանի օրակարգ է վերադարձրել Հայ-թուրքական արձանագրությունները, հաղորդում են թուրքական լրատվամիջոցները: Թուրքիայի խորհրդարանի կանոնադրության համաձայն, այն օրինագծերը, որոնք չեն հաստատվել կոնկրետ օրենսդրական փուլի ընթացքում, չեղյալ են հայտարարվում: Դրա արդյունքում Հայ-թուրքական արձանագրությունները դուրս էին մնացել խորհրդարանի նոր համագումարի օրակարգից: Սակայն օրենսդրության մեջ կա ևս մեկ կետ, որի համաձայն, կառավարությունը կամ պատգամավորները կարող են վերականգնել փաստաթղթերն օրակարգում:

Օգոստոսի 22-ին Թուրքիայի Մեծ ազգային ժողովն օրակարգից 898 օրինագիծ է հանել, որոնց թվում էին նաև 2009 թվականին ստորագրված Հայ-թուրքական արձանագրությունները: Արձանագրություններն օրակարգից հետ կանչելու գլխավոր պատճառ է ծառայել նոր խորհրդարանի դիրքորոշումը, որը հայ-թուրքական սահմանի բացման հարցն առաջնայնությունը կորցրած է համարել Թուրքիայի քաղաքական ուղու մեջ: Բացի դրանից, խորհրդարանի կանոնադրության համաձայն, խորհրդարանի կողմից մեկ կիսամյակի ընթացքում չընդունված հարցը կորցնում է իր իրավաբանական ուժը:

 Ուշագրավ
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
Այն ենթադրում է տարբեր տեսակի աջակցություններ պետություններին՝ տեխնիկական, ոչ մահաբեր զինատեսակների տրամադրում
---