Մանվել Ղումաշյան. Թուրքիան կփորձի սակարկության առարկա դարձնել Արձանագրությունները

PanARMENIAN.Net - Թուրքիան կփորձի հայ-թուրքական Արձանագրությունների վավերացումը հետաձգել մինչև 2015-ը, երբ նշվելու է Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցը: Այդ մասին Երևանում հայտարարել է «Եվրոպական ինտեգրացում» հասարակական կազմակերպության քաղաքական վերլուծաբան Մանվել Ղումաշյանը: «Այդ Արձանագրությունները դառնալու են սակարկության առարկա»,- ասել է նա: Ինչ վերաբերվում է հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման հեռանկարներին Արձանագրությունները թուրքական խորհրդարան վերադարձնելու հետ կապված, հայ փորձագետը նշել է, որ ոչինչ չի ակնկալում: Նրա խոսքով, այդ գործընթացը կախված է լինելու համաշխարհային հանրության արձագանքից և տարածաշրջանային զարգացումներից:

Թուրքիայի նախարարների խորհուրդը խորհրդարանի օրակարգ է վերադարձրել Հայ-թուրքական արձանագրությունները, հաղորդում են թուրքական լրատվամիջոցները: Թուրքիայի խորհրդարանի կանոնադրության համաձայն, այն օրինագծերը, որոնք չեն հաստատվել կոնկրետ օրենսդրական փուլի ընթացքում, չեղյալ են հայտարարվում: Դրա արդյունքում Հայ-թուրքական արձանագրությունները դուրս էին մնացել խորհրդարանի նոր համագումարի օրակարգից: Սակայն օրենսդրության մեջ կա ևս մեկ կետ, որի համաձայն, կառավարությունը կամ պատգամավորները կարող են վերականգնել փաստաթղթերն օրակարգում:

Օգոստոսի 22-ին Թուրքիայի Մեծ ազգային ժողովն օրակարգից 898 օրինագիծ է հանել, որոնց թվում էին նաև 2009 թվականին ստորագրված Հայ-թուրքական արձանագրությունները: Արձանագրություններն օրակարգից հետ կանչելու գլխավոր պատճառ է ծառայել նոր խորհրդարանի դիրքորոշումը, որը հայ-թուրքական սահմանի բացման հարցն առաջնայնությունը կորցրած է համարել Թուրքիայի քաղաքականության համար: Բացի դրանից, խորհրդարանի կանոնադրության համաձայն, խորհրդարանի կողմից մեկ կիսամյակի ընթացքում չընդունված հարցը կորցնում է իր իրավաբանական ուժը:

Հայոց ցեղասպանություն

Հայոց ցեղասպանությունը, որն իրագործվել է Օսմանյան կայսրությունում 1915-1923թթ., XX դարի առաջին ցեղասպանությունն էր, որի նախաձեռնողները երիտթուրքերն էին: Ցեղասպանության ժամանակ ոչնչացվեց վեց հայկական վիլայեթների բնակչությունը` մոտ 1,5 մլն հայ: Եվս կես միլիոնը սփռվեց աշխարհով մեկ` սկիզբ դնելով հայկական Սփյուռքին:

Դեռևս Ցեղասպանության իրագործման տարիներին` 1915-23թթ. տերությունները ընդունեցին հայերի կոտորածը դատապարտող բանաձևեր: ԱՄՆ-ն երեք անգամ (1916, 1919, 1920) նմանատիպ բանաձևեր է ընդունել, սակայն դա չկասեցրեց Օսմանյան կայսրության գործողությունները: 1915թ. Ֆրանսիան, Մեծ Բրիտանիան և Ռուսաստանը հանդես եկան համատեղ հռչակագրով` դատապարտելով հայերի բնաջնջումը:

Աշխարհի շատ երկրներ և ազդեցիկ միջազգային կազմակերպություններ ճանաչել և դատապարտել են Հայոց ցեղասպանությունը: Պաշտոնապես առաջինը Հայոց ցեղասպանությունն ընդունել և դատապարտել է Ուրուգվայը 1965թ-ին: Հայոց ցեղասպանությունը ճանաչել են նաև Եվրոպայի Խորհուրդը, Եվրախորհրդարանը, ՄԱԿ-ի խտրականության կասեցման և փոքրամասնությունների պաշտպանության կանխարգելման ենթահանձնաժողովը, ՄԱԿ-ի ռազմական հանցագործությունների գծով հանձնաժողովը, Եկեղեցիների համաշխարհային խորհուրդը: Հայերի ոչնչացումը պաշտոնապես ցեղասպանություն են ճանաչել Ֆրանսիան, Ավստրիան, Իտալիան, Գերմանիան, Բելգիան, Լյուքսեմբուրգը, Շվեդիան, Նիդերլանդները, Շվեյցարիան, Ռուսաստանը, Լեհաստանը, Լիտվան, Հունաստանը, Սլովակիան, Կիպրոսի Հանրապետությունը, Լիբանանը, Ուրուգվայը, Արգենտինան, Վենեսուելան, Չիլին, Բոլիվիան, Կանադան, Վատիկանը, Բրազիլիան, Լյուքսեմբուրգը, Գերմանիան, Պարագվայը, Սիրիան և ԱՄՆ-ի 45 նահանգ:

Բելգիայում և Շվեդիայում Հայոց ցեղասպանության ժխտման համար քրեական պատասխանատվություն է սահմանված (45 հազար եվրո տուգանքից մինչև 1 տարվա ազատազրկում): 2006թ. հոկտեմբերի 12-ին Ֆրանսիայի խորհրդարանն օրինագիծ ընդունեց, որի համաձայն Հայոց ցեղասպանության ժխտումը կքրեականացվի, ինչպես Հոլոքոսթը:

Ժամանակակից Թուրքիան ժխտում է Հայոց ցեղասպանության պատմական փաստը և վարում է այդ փաստի ժխտման ներքին և արտաքին քաղաքականություն: Թուրքական պետության գործողությունները ներկայացվում են որպես «բռնագաղթ»` հայերի անվտանգությունն ապահովելու նպատակով: Հայոց ցեղասպանության ճանաչման անհրաժեշտության մասին խոսում են միայն առանձին թուրք մտավորականներ, որոնց թվում են պատմաբան Թաներ Աքչամն ու Նոբելյան մրցանակի դափնեկիր Օրհան Փամուկը:

 Ուշագրավ
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
---