Հայաստանի նախագահը վստահ է, որ Երևանի և Փարիզի միջև հարաբերությունները զարգանալու են առաջանցիկ տեմպերով

Հայաստանի նախագահը վստահ է, որ Երևանի և Փարիզի միջև հարաբերությունները զարգանալու են առաջանցիկ տեմպերով

PanARMENIAN.Net - Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը սեպտեմբերի 29-ին, ավարտելով իր պաշտոնական այցը Ֆրանսիայի Հանրապետություն, մեկնել է Լեհաստանի Հանրապետություն` մասնակցելու Եվրամիության «Արևելյան գործընկերության» գագաթնաժողովին:

Նախքան մեկնելը Սարգսյանը հանդիպում է ունեցել Փարիզի քաղաքապետ Բերտրան Դելանոեի և Ֆրանսիայի հայ համայնքի ներկայացուցիչների հետ:

ՀՀ նախագահը շնորհակալություն է հայտնել Փարիզի քաղաքապետին` ջերմ ընդունելության համար` նշելով, որ հայ և ֆրանսիական ժողովուրդների բարեկամությունը դարերի պատմություն ունի: «Հայաստանի անկախությունից ի վեր այդ բարեկամությունը վերաձևակերպվեց որպես երկու պետությունների սերտ ու վստահելի համագործակցություն: Մի քանի օրից սպասում ենք Ֆրանսիայի նախագահ Նիկոլյա Սարկոզիի` Հայաստան կատարելիք պետական այցին, ինչն առանցքային իրադարձություն է հայ-ֆրանսիական հարաբերություններում: Մեր բազմաբնույթ համագործակցության օրակարգում իր առանձնահատուկ տեղն ունի Հայաստանի և Ֆրանսիայի տեղական ինքնակառավարման մարմինների, ինչպես նաև քաղաքների ու հատկապես Երևանի և Փարիզի միջև հաստատված ակտիվ գործակցությունը: Բերտրան Դելանոեն նպաստել է այդ քաղաքների հարաբերությունների զարգացմանը»,- ասել է Սարգսյանը:

ՀՀ նախագահն ընդգծել է, որ Փարիզի կենտրոնական հատվածներից մեկում Կոմիտաս վարդապետի արձանի տեղադրումը և Երևանի պուրակի հիմնումն իսկապես մեծ հպարտություն է բոլոր հայերի համար: Սարգսյանի խոսքով` բոլոր հայերը շատ լավ հասկանում են, որ այսօր գոյություն ունեցող հայ-ֆրանսիական բարձր մակարդակի հարաբերություններում մեծ է նաև Ֆրանսիայի հայկական սփյուռքի ավանդը» «Դուք յուրօրինակ կամուրջ եք երկու ժողովուրդների և երկրների միջև, և ես կցանկանայի, որ այդ կամուրջը միշտ ամուր և անսասան լիներ»:

Դիմելով Փարիզի քաղաքապետին` Սարգսյանն ասել է հետևյալը. «Հարգելի' պարոն Դելանոե, մենք սիրով սպասում ենք Ձեզ Երևանում այս տարվա հոկտեմբերին` Ձեր գլխավորած Ֆրանկոֆոն քաղաքապետերի միջազգային ասոցիացիայի Գլխավոր Ասամբլեայի տարեկան նիստին: Շնորհակալություն եմ հայտնում Ձեզ այս հյուրընկալության համար և վստահ եմ, որ Երևան և Փարիզ քույր-քաղաքների հարաբերությունները զարգանալու են առաջանցիկ տեմպերով»:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---