Բժշկականի ուսանողները Անկախության 20 և Անիի 1050 տարեդարձի առթիվ կայցելեն Արևմտյան Հայաստան

Բժշկականի ուսանողները Անկախության 20  և Անիի 1050 տարեդարձի առթիվ կայցելեն Արևմտյան Հայաստան

PanARMENIAN.Net - Հայաստանի երիտասարդական հիմնադրամի ֆինանսավորմամբ Երևանի պետական բժշկական համալսարանի ուսանողական խորհրդարանը հոկտեմբերի 1-3-ը կիրականացնի «Անի-1050` ճանապարհորդություն դեպի պատմական հայրենիք» ծրագիրը։ Հիմնադրամից հայտնում են, որ բժշկական համալսարանի բարձր հասարակական ակտիվություն և բարձր առաջադիմություն ունեցող մի խումբ ուսանողներ, դասախոսներ կուղևորվեն պատմական Հայաստան։

Ծրագիրը նվիրված է Անիի 1050-ամյակին, Հայաստանի Հանրապետության անկախության 20-ամյակին, ինչպես նաև ԵՊԲՀ ուսանողական խորհրդարանի հիմնադրման 20-ամյակին: Ուղևորության առաջին օրը մասնակիցները կայցելեն հայոց 10-րդ մայրաքաղաք Կարս, կշրջեն քաղաքում, կլինեն Եղիշե Չարենցի հայրական տանը, Առաքելոց եկեղեցում, Կարսի բերդում, թանգարանում, ռուսական գիմնազիայում: Այնուհետև ուղևորությունը կշարունակվի դեպի Բայազետ, կբարձրանան Արարատ սարը (2500 մ)՝ այնտեղ բարձրացնելով ՀՀ պետական դրոշը: Երկրորդ օրը մասնակիցները կշրջեն Վանով և կուղևորվեն դեպի Սարիղամիշ: Ուղևորության 3-րդ օրը նախատեսված է այցելություն հայոց 11-րդ մայրաքաղաք Անի: Երիտասարդները կլինեն Մայր տաճարում, Գագկաշեն, Տիգրան Հոնենց, Փրկչի եկեղեցիներում, Կուսանաց վանքում, Մանուչեի մզկիթում և այլն:

Ճանապարհորդության ընթացքում երիտասարդներին կտրվեն բոլոր նշված վայրերի մասին պատմող տեղեկատվական թերթիկներ։ «Անի-1050` ճանապարհորդություն դեպի պատմական հայրենիք» ծրագրի նպատակն է երիտասարդության շրջանակներում էլ ավելի բարձրացնել ազգային ինքնագիտակցությունը, ազգասիրությունն ու հայրենասիրությունը, վառ պահել պատմական ժառանգության նկատմամբ սրբազան կարոտը, որը մեզ են փոխանցել մեր պապերն ու հայրերը։

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
---