Հայաստանը կմասնակցի Հարավային և Արևելյան Եվրոպայի ՏՀՏ Ֆորումին

Հայաստանը կմասնակցի Հարավային և Արևելյան Եվրոպայի ՏՀՏ Ֆորումին

PanARMENIAN.Net - Հայաստանի Մայքրոսոֆթ ինովացիոն կենտրոնի (MIC) ղեկավար Եվա Հյուսյանը կներկայացնի Հայաստանը Հարավային և Արևելյան Եվրոպայի Տեղեկատվական և հեռահաղորդակցության տեխնոլոգիաների ֆորում (SEE ICT Forum) կառույցի Ինովացիոն և գերազանցության կենտրոնների գործունեությանը նվիրված հանդիպմանը: Այս մասին տեղեկացնում են Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միությունից։

Հայկական հաջող փորձի ուսումնասիրությունը կարևոր է հանդիպման մասնակից այլ երկրների համար, որոնք նույնպես մտադիր են ինովացիոն գործունեությունը խթանող կենտրոններ բացել, նշում է ԻՏՁՄ-ն։

Հայաստանի Մայքրոսոֆթ ինովացիոն կենտրոնը բավարար ներուժ ունի իր գործունեության շրջանակը տարածաշրջանում ընդլայնելու համար, ինչը կնպաստի Հայաստանի` իբրև ինովացիայի խթանման տարածաշրջանային կենտրոնի կերպարի ամրապնդմանը:

SEE ICT Forum-ը միավորում է Հարավային և Արևելյան Եվրոպայի երկրների տեղեկատվական և հեռահաղորդակցության ոլորտի միությունները, դոնոր կազմակերպությունները և հետազոտական կառույցները: 2009 թվականից` ֆորումին միանալուց ի վեր, Հայաստանը կառույցում ներկայացնում են Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միությունը (ԻՏՁՄ) և Նորք տեղեկատվավերլուծական կենտրոնը: ԻՏՁՄ նաև համակարգել է Jobfinder, Essential Solutions, CHS Vericel Service հայկական ընկերությունների մասնակցությունը կառույցի միջոցառումներին:

2010 թվականին կառույցի մեջ ներգրավված մի շարք երկրների ներկայացուցիչներ այցելեցին ԻՏՁՄ կողմից կազմակերպվող Digitec Business Ֆորումին:

Նախատեսվում է, որ SEE ICT Forum կառույցի հաջորդ հանդիպումներից մեկը կկազմակերպվի Հայաստանում, գալիք Digitec Business Ֆորում միջոցառման շրջանակներում`2012 թվականի մայիս-հունիս ամիսներին:

Microsoft

«Մայքրոսոֆթ ինովացիոն կենտրոնը» բացվել է այս տարի մայիսին ՀՀ կառավարության, Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամի (ՁԻՀ), ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության և «Մայքրոսոֆթ Ար Էյ» ընկերության համագործակցության շնորհիվ։ Մինչ օրս կրթել է մոտ 600 ուսանողի։ Կենտրոնի նպատակն է խթանել Հայաստանում նորարարության զարգացումն ու նպաստել ինովացիոն ՏՀՏ լուծումների մշակմանը։ Կենտրոնի կարճաժամկետ ու երկարաժամկետ դասընթացները վճարովի են, սակայն նախնական մակարդակներում գործում են նաև անվճար դասընթացներ:

Կենտրոնն աջակցում է նաև ՏՀՏ ոլորտի գործող և նորաստեղծ ընկերություններին, մասնագետներին և ուսանողներին` բիզնես և տեխնոլոգիական խորհրդատվության, ֆինանսական և իրավաբանական օժանդակության տրամադրման, օգտակար կապերի հաստատման միջոցով:

 Ուշագրավ
Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում
Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը
Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից
Ըստ Քերոբյանի, առնվազն 20 մլրդ դրամ հարկ կհավաքվի
---