Ավտոտեխզննման կտրոնը կնքելն օրենքով անվճար է, իսկ գործնականում՝ միջինը 2000 դրամ

PanARMENIAN.Net - Պարտադիր տարեկան ավտոտեխզննման կարգն արդեն մի քանի ամիս է փոխվել է։ Այժմ պետք է գնալ բանկ, կատարել համապատասխան մուծումը, վերցնել կտրոնը, տանել ավտոտեխզննման կայան, կնքել կտրոնը, փակցնել մեքենայի դիմապակուն։ Այսքանից հետո մեքենան կհամարվի տեխզննում անցած, անգամ եթե այդ ընթացքում այն ավտոտնակից դուրս չի եկել։

Կարգը փոխելիս ասում էին, թե սա անում են ոլորտում կաշառակերությունը վերացնելու համար. վարորդները բանկում կմուծեն միայն սահմանված գումարը և վերջ։ Իսկ «կնիքի» ու բուն տեխզննման համար, ըստ նոր կարգի, գումար չի գանձվում։ Ահա և կոռուպցիայի համար հարմար օջախ։

Վարորդները ահազանգում են, որ բանկից վերցրած կտրոնը կնքելու համար տարբեր տեխզննման կայաններում իրենցից պահանջել են 2-3 հազար դրամ՝ «Բա մեր արած գործի համար չե՞ս ուզում վճարել»։

Ճանապարհային ոստիկանությունից PanARMENIAN.Net ի թղթակցին ասացին, որ եթե այդ կնիքը չկա, հավասարազոր է կտրոն չունենալուն և սահմանվում է 50 հազար դրամ տուգանք. «Եթե կնիքը չկա, նշանակում է՝ բանկում մուծել է, բայց տեխզննում չի անցել»։

Մեզ հայտնի է մի քանի նման դեպք (վարորդները խնդրել են անուններ չհրապարակել), սակայն այդքանն էլ բավական է հասկանալու, որ երևույթը համատարած է և որ կաշառակերությունը բնավ հաղթահարված չէ։

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
---