7 հոկտեմբերի 2011 - 13:55 AMT
Ադրբեջանը «համաձայն չէ» Հայոց ցեղասպանության մասին Ֆրանսիայի նախագահի արտահայտությունների հետ

Ադրբեջանը համաձայն չէ Ֆրանսիայի նախագահ Նիկոլյա Սարկոզիի արտահայտությունների հետ Հայոց ցեղասպանության ճանաչման և հայ-թուրքական սահմանի բացման մասին: Նման հայտարարությամբ հանդես է եկել Ադրբեջանի նախագահի աշխատակազմի հասարակական-քաղաքական բաժնի ղեկավար Ալի Հասանովը: «Այդ հարցերից յուրաքանչյուրը միջազգային քաղաքականության առանձին ասպեկտ է: Ադրբեջանը միշտ պաշտպանել է Թուրքիայի շահերը ինչպես Հարավային Կովկասում ընթացող գործընթացներում, այնպես էլ միջազգային հարցերում»,- ասել է նա և հավելել, որ Բաքուն չի կիսում Ֆրանսիայի կառավարության դիրքորոշումը, այդ թվում` Սարկոզիի արտահայտությունները Հայոց ցեղասպանության ճանաչման և հայ-թուրքական սահմանի բացման մասին:

Նախօրեին Երևանում Սարկոզին հայտարարել է, որ «եթե Թուրքիան, ինչպես մյուս մեծ պետությունները, մինչև տարվերջ չճանաչի Հայոց ցեղասպանությունը, Ֆրանսիան այլ միջոցներ կձեռնարկի, այդ թվում կընդունի Ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագիծը»: