8 հոկտեմբերի 2011 - 12:52 AMT
Google-ը և Samsung-ը հետաձգել են նոր սմարթֆոնի շնորհանդեսը Սթիվ Ջոբսի մահվան պատճառով

Google և Samsung ընկերությունները հայտնել են լրատվամիջոցների հետ հանդիպումը հետաձգելու մասին։ Հոկտեմբերի 11-ին պետք է կայանար այսպես կոչված «Samsung-ի Մեծ իրադարձությունը» հանդիպումը, որի ժամանակ ենթադրվում էր, որ ընկերությունը պետք է ներկայացնի իր նոր սմարթֆոնը՝ Nexus Prime-ը։ Այս մասին գրում է CNET-ը։

«Մենք կարծում ենք, որ այժմ պատեհ պահը չէ նոր արտադրանք հայտարարելու համար»,-ասել է Samsung-ի ներկայացուցիչը և նշել, որ Apple-ի հիմնադրի մահն է նրանց որոշման պատճառը։

Երկու օր առաջ Apple ընկերության համահիմնադիր և նախկին գործադիր տնօրեն Սթիվ Ջոբսը կնքեց իր մահկանացուն 56 տարեկան հասակում. նա երկրար տարիներ տառապում էր քաղցկեղով։

Google Nexus Prime-ն ըստ ենթադրությունների աշխատելու է Android-ի նոր տարբերակով՝ Android Ice Cream Sandwich-ով։ Ըստ լուրերի՝ այն ունենալու է Dual-core պրոցեսոր, 4.5 դյույմ էկրան և 4G ցանցին միանալու հնարավորություն։ Google-ի Nexus հեռախոսների շարքը, որը ներառում էր երկու մոդել՝ Nexus One և Nexus S, կլինեն առաջին հեռախոսները, որոնց հասանելի կլինի Ice Cream Sandwich թարմացումը։ Ենթադրվում է նաև, որ շնորհանդեսի ժամանակ Samsung-ը կներկայացնի նաև այլ սարքեր, որոնց թվում կլինի Android-ով աշխատող Nexus պլանշետը։