Բաքվի պատճառով Երևանն ու Անկարան փակուղային իրադրության մեջ են հայտնվել, գտնում է ամերիկյան փորձագետը

Բաքվի պատճառով Երևանն ու Անկարան փակուղային իրադրության մեջ են հայտնվել, գտնում է ամերիկյան փորձագետը

PanARMENIAN.Net - «Ես չեմ կարծում, որ հայ-թուրքական սահմանը կբացվի մինչև այս տարվա վերջ»,- հայտնել է Վուդրո Վիլսոնի Կենտրոնի (Վաշինգտոն) խորհրդական Ալեքսանդրոս Պետերսոնը: Նրա խոսքով՝ այսօր Անկարան ու Երևանը պատրաստ չեն լուծել այդ հարցը, մերձեցման մեթոդների վերաբերյալ նրանց մոտեցումները չափազանց տարբեր են: «Եթե Ադրբեջանն ի սկզբանե ներգրավվեր բանակցային գործընթացում, ապա այդ սահմանի բացումը կարող էր դրական ազդեցություն ունենալ տարածաշրջանում առկա իրադրության վրա: Սակայն ամերիկյան ղեկավարությունը բանակցությունների մասնակիցների մերձեցման քաղաքականություն էր վարում՝ գործընթացի մեջ չներգրավելով պաշտոնական Բաքվին: Հենց ադրբեջանական ղեկավարության միացումն այդ գործընթացին վերջին րոպեին մեզ փակուղային իրադրության հանգեցրեց»,- ասել է նա, հաղորդում է 1news.az-ը:

Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման մասին Արձանագրությունները ստորագրվել են 2009թ. հոկտեմբերի 10-ին Ցյուրիխում: Արձանագրությունները ստորագրել են Հայաստանի եւ Թուրքիայի ԱԳ նախարարներ Էդվարդ Նալբանդյանը եւ Ահմեդ Դավութօղլուն` Ֆրանսիայի, ԱՄՆ-ի, ՌԴ-ի եւ Շվեյցարիայի ԱԳՆ ղեկավարների ներկայությամբ: Շվեյցարիան որպես միջնորդ է հանդես գալիս հայ-թուրքական բանակցություններում 2007թ. ի վեր: Ըստ փաստաթղթերի, երկրների միջեւ պետք է հաստատվեն դիվանագիտական հարաբերություններ եւ պետք է բացվի 1993թ. ի վեր փակ հայ-թուրքական սահմանը:

Սեպտեմբերի 23-ին Թուրքիայի Նախարարների խորհուրդը խորհրդարանի օրակարգ է վերադարձրել Հայ-թուրքական արձանագրությունները, հաղորդում են թուրքական լրատվամիջոցները: Թուրքիայի խորհրդարանի կանոնադրության համաձայն, այն օրինագծերը, որոնք չեն հաստատվել կոնկրետ օրենսդրական փուլի ընթացքում, չեղյալ են հայտարարվում: Դրա արդյունքում Հայ-թուրքական արձանագրությունները դուրս էին մնացել խորհրդարանի նոր համագումարի օրակարգից: Սակայն օրենսդրության մեջ կա ևս մեկ կետ, որի համաձայն, կառավարությունը կամ պատգամավորները կարող են վերականգնել փաստաթղթերն օրակարգում:

Օգոստոսի 22-ին Թուրքիայի Մեծ ազգային ժողովն օրակարգից 898 օրինագիծ էր հանել, որոնց թվում էին նաև 2009 թվականին ստորագրված Հայ-թուրքական արձանագրությունները: Արձանագրություններն օրակարգից հետ կանչելու գլխավոր պատճառ է ծառայել նոր խորհրդարանի դիրքորոշումը, որը հայ-թուրքական սահմանի բացման հարցն առաջնայնությունը կորցրած է համարել Թուրքիայի քաղաքական ուղու մեջ: Բացի դրանից, խորհրդարանի կանոնադրության համաձայն, խորհրդարանի կողմից մեկ կիսամյակի ընթացքում չընդունված հարցը կորցնում է իր իրավաբանական ուժը:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---