Գերմանիայում բացվել է ժամանակակից հայ արվեստագետների ցուցահանդեսը

Գերմանիայում բացվել է ժամանակակից հայ արվեստագետների ցուցահանդեսը

PanARMENIAN.Net - Գերմանիայի Սաքսոնիա-Անհալտ երկրամասի Հալլե քաղաքի «Տալշտրասե» արվեստի ասոցիացիայի (Kunstverein ''Talstrasse'' e.V.) պատկերասրահում հոկտեմբերի 20-ին բացվել է տարբեր սերնդի 11 ժամանակակից հայ արվեստագետների (Արևիկ Արևշատյան, Նարինե Զոլյան, Սոնիա Պալասանյան, Դավիթ Կարեյան, Մհեր Ազատյան, Դիանա Հակոբյան, Տիգրան Խաչատրյան, Միկա Վատինյան, Հովհաննես Իշխանյան, Օվսաննա Շեկոյան, Դավիթ Նուբարյան) գործերի ցուցադրությունը: Այդ մասին այսօր հայտնում է ՀՀ մշակույթի նախարարության պաշտոնական կայքը: Ցուցահանդեսը կրում է «Հանդիպում` անկախ ենթատեքստից» խորագիրը, և ներկայացված են տեսաֆիլմի, լուսանկարչության, գրաֆիկայի և գեղանկարի նմուշներ: Ցուցադրությունն իրականացվել է միջմշակութային երկխոսության և արվեստագետների փոխանակումների ծրագրի շրջանակներում, որը շարունակվելու է հաջորդ տարի գարնանը` Հայաստանում գերմանացի արվեստագետների գործերի պատասխան ցուցահանդեսով: Հալլեի ցուցահանդեսը հովանավորվել է Սաքսոնիա-Անհալտ երկրամասի մշակույթի նախարար Ստեֆան Դորգերլոյի և արտգործնախարար Կորնելիա Պիպերի կողմից:

Ցուցահանդեսի բացման արարողության մասնակիցներին ողջունել են Գերմանիայի Սաքսոնիա-Անհալտ երկրամասի կառավարության ներկայացուցիչը, Գերմանիայում ՀՀ դեսպան Արմեն Մարտիրոսյանը և ՀՀ մշակույթի նախարարության ժամանակակակից արվեստի վարչության պետ Սոնա Հարությունյանը, ով ընթերցել է ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանի ողջույնի խոսքը: Ցուցահանդեսի համադրողն է Սեդա Շեկոյանը: Ներկայացված գործերը հիմնականում խոսում են ինքնությունների, արվեստի և իրականության միջև հարաբերության, ժամանակակից արվեստի սահմանման, հետսովետական սոցիալական, մշակութային և քաղաքական խնդիրների, ինչպես նաև պատկերի փոխակերպումների, նոր հնարավորությունների և ինքնաքննադատության մասին: «Տալշտրասե» արվեստի ասոցիացիայի պատկերասրահում բացված հայ արվեստագետների ցուցահանդեսը գործելու է մինչև դեկտեմբերի 4-ը:

 Ուշագրավ
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում
Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․
Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով
---