Իրանի խորհրդարանը պահանջում է վերանայել ՄԱԳԱՏԷ-ի հետ համագործակցությունը

Իրանի խորհրդարանը պահանջում է վերանայել ՄԱԳԱՏԷ-ի հետ համագործակցությունը

PanARMENIAN.Net - Իրանի խորհրդարանականներն անհրաժեշտ են համարում վերանայել Ատոմային էներգետիկայի միջազգային գործակալության (ՄԱԳԱՏԷ) հետ համագործակցության մակարդակը՝ կապված այդ Գործակալության պատրաստած վերջին զեկույցի «թշնամական բնույթի» հետ, կիրակի օրը հաղորդում է Ֆրանս Պրեսս գործակալությունը՝ վկայակոչելով իրանական մեջլիսի խոսնակ Ալի Լարիջանիին, հաղորդում է ՌԻԱ Նովոստին:

ՄԱԳԱՏԷ-ն ուրբաթ օրը ցուցադրել է փաստաթղթեր և արբանյակային նկարահանումներ, որոնք ենթադրաբար ապացուցում են Իրանի միջուկային ծրագրի ռազմական ուղղվածության փաստը, հաղորդել է Ռեյտեր գործակալությունը՝ հղում կատարելով դիվանագիտական աղբյուրներին: Ավելի վաղ ԶԼՄ-ներում հատվածներ էին հայտնվել իրանական միջուկային ծրագրի վերաբերյալ իրադրության մասին ՄԱԳԱՏԷ-ի պատրաստած զեկույցից: Նույն օրը ԱՄՆ-ն, Ֆրանսիան, Գերմանիան և Մեծ Բրիտանիան հայտարարեցին Իրանի հանդեպ պատժամիջոցների խստացման անհրաժեշտության մասին: Ռուսաստանն իր հերթին ենթադրում է, որ իրանական միջուկային ծրագրի վերաբերյալ բոլոր հարցերը փակելու միակ ճանապարհը «վեցնյակի» (Ռուսաստան, ՉԺՀ, ԱՄՆ, Ֆրանսիա, Մեծ Բրիտանիա, Գերմանիա) և Իրանի միջև բանակցությունները վերսկսելու համար պայմանների ստեղծումն է:

«Խորհրդարանը գտնում է, որ ՄԱԳԱՏԷ-ի դիրքորոշումը թշնամական է... Խորհրդարանն անհրաժեշտ է համարում վերանայել ՄԱԳԱՏԷ-ի հետ համագործակցության հարցը, որն ապացուցեց, որ Իրանի կողմից համագործակցությունը կամ համագործակցության բացակայությունը որևէ ազդեցություն չի գործում Գործակալության ոչ պրոֆեսիոնալ որոշումների վրա»,- հայտնել է Իրանի խորհրդարանի խոսնակը:

ԱՄՆ-ը և Արևմուտքի մի շարք երկրներ Իրանին մեղադրում են խաղաղ ատոմի ծրագրի շղարշի տակ միջուկային զենքի մշակման մեջ: Թեհրանը մերժում է բոլոր մեղադրանքները՝ հայտարարելով, որ իր միջուկային ծրագիրն ուղղված է բացառապես երկրի էլեկտրաէներգիայի պահանջարկի բավարարմանը:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---