Երևանում կայանալու է հայաստանաբնակ հրեա կոմպոզիտոր Վիլլի Վայների ժողովածուի շնորհանդեսը

Երևանում կայանալու է հայաստանաբնակ հրեա կոմպոզիտոր Վիլլի Վայների ժողովածուի շնորհանդեսը

PanARMENIAN.Net - Նոյեմբերի 24-ին Գաֆեսճեան արվեստի կենտրոնում տեղի է ունենալու ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ, կոմպոզիտոր Վիլլի Վայների «Դաշնամուրային պիեսներ «in C» ժողովածուի շնորհանդեսը: Միջոցառումը նվիրվում է Հայաստանի Հանրապետության անկախության և Հայաստանում Հրեական համայնքի գործունեության 20-ամյակին:

Սույն հրատարակված ժողովածուն մաեստրոի դաշնամուրի պիեսների ընտրանին է, որն ամփոփում է 15 նվագախմբային պիեսներ 3 հեղինակային ալբոմներից` «Ելից»-ից, «Երազանք»-ից և «Իմ ժողովուրդ»-ից, հեղինակի կողմից փոխադրված դաշնամուրի համար, և դրանց ձայնագրությունների սկավառակ ՀՀ վաստակավոր արտիստուհի, միջազգային մրցույթի դափնեկիր, Կոմիտասի անվ. Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի պրոֆեսոր Անահիտ Ներսիսյանի կատարմամբ: Ժողովածուն նախատեսված է միջնակարգ երաժշտական ուսումնական հաստատությունների սաների, կոնսերվատորիայի ուսանողների, ասպիրանտների, ինչպես նաև դաշնակահարների համար:

Նոտաների ժողովածուի հրատարակությունը և ձայնասկավառակի թողարկումն իրականացվել է ՀՀ Մշակույթի նախարարության աջակցությամբ: Աշխատանքները նվիրաբերվելու են Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիային, այլ երաժշտական ուսումնական հաստատություններին և երաժշտական գրադարաններին ինչպես Հայաստանում, այնպես էլ Ռուսաստանում, Ուկրաինայում, Վրաստանում, ԱՄՆ-ում, Իսրայելում և մի շարք այլ երկրներում:

Երևանյան համերգից հետո արդեն դեկտեմբերի 7-ին Վայների հավաքածուն կնվիրաբերվիԹբիլիսիի Վ.Սարաջիշվիլիի անվան պետական կոնսերվատորիային: Փոքր դահլիճում տեղի կունենա Ա.Ներսիսյանի մենահամերգը, որտեղ Վ.Վայների ստեղծագործություններից բացի նա կկատարի նաևհայտնի հայ կոմպոզիտորների ստեղծագործություններ: 2012թ մարտ-ապրիլ ամիսներին նախատեսվում է նույն ծրագրով համերգներ կազմակերպել նաև Մոսկվայի Պ.Չայկովսկու անվան և Սանկտ-Պետերբուրգի Ն.Ռիմսկի-Կորսակովի անվան պետական կոնսերվատորիաներում:

Մաեստրո Վ.Վայները ստեղծել է հրեական դասական նվագախմբային ստեղծագործությունների մի ամբողջ շարք, որոնք ներկայացված են 3 հեղինակային ալբոմներով` «Ելից», «Երազանք» և «Իմ ժողովուրդ»: Վայները Երևանում գործող «Մենորա» հրեական մշակութային կենտրոնի նախագահն է:

 Ուշագրավ
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում
Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․
Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով
---