Ստեղծվել է քաղաքական գործիչների նախընտրական խոստումները մոնիթորինգ անող կայք

Ստեղծվել է քաղաքական գործիչների նախընտրական խոստումները մոնիթորինգ անող կայք

PanARMENIAN.Net - Նոյեմբերի 18-20-ը Հայաստանում առաջին անգամ կայացած «Մարդամեջ» սոցիալական նորարարության ճամբարի ժամանակ 60 մասնակիցները 3 օրում մշակեցին և ներկայացրեցին սոցիալական խնդիրները լուծող 6 նորարարական նախագիծ։Վեց նախագծերից մեկը կոչվում էր «Նախընտրական խոստումների մոնիտորինգի հարթակ»։ Այս գաղափարի շուրջ հավաքված 10 հոգանոց թիմը ստեղծեց ukrupnenie.com կայքը, որը նպատակ ունի մոնիթորինգի ենթարկել քաղաքական գործիչների նախընտրական խոստումները։

Նախագծի հեղինակ Արամ Թովմասյանի խոսքով երբեք այնքան շատ չեն ստում, որքան ընտրություններից առաջ։ «Կան խոստումներ տվող բազում քաղաքական գործիչներ։ Սակայն ի՞նչ անել, ինչպե՞ս հետևել, որ կատարեն խոստումները: Կամ պետք է ընտրել ոչ մեկին կամ բոլորին: Մեր ստեղծած կայքը կնպաստի խոստումների կատարմանը, կառաջացնի պատասխանատվության զգացում քաղաքական գործիչների մոտ և կխրախուսի նրանց քաղաքական ազնվության»,-նշեց Արամ Թովմասյանը։

Կայքը բաղկացած է մի քանի բաժիններից՝ կողմնորոշում, խոստումներ, վարկանիշ և մարդամեջ։ Կողմնորոշում բաժնում քաղաքական գործիչները պատասխանում են որոշ հարցերի։ Օրինակ՝ կո՞ղմ եք, որ աղջիկները ծառայեն բանակում։ Յուրաքանչյուր հարցի հնարավոր է պատասխանել միայն այո կամ ոչ։ Այս կերպ յուրաքանչյուր քաղաքացի կարող է համեմատել քաղաքական գործիչների հայացքները և կողմնորոշվել նախագահության թեկնածուների ընտրության հարցում։

Խոստումներ բաժնում քաղաքացիները տեղադրում են տարբեր քաղաքական գործիչների երբևէ բարձրաձայնած խոստումները՝ պարտադիր հղում տալով, թե երբ է տրվել խոստումը և որտեղ։ Հղումը կարող է լինել թե՛ տեսանյութ, թե՛ ինչ որ լինք։ Ապա պետք է նշել, կատարվել է արդյո՞ք խոստումը, թե ոչ։ Խոստումների էջում կարելի է թողնել մեկնաբանություններ։ Կարելի է անգամ հետևել խոստման ընթացքին։

Վարկանիշ էջում յուքանչյուր քաղաքական գործիչ ունի իր կենսագրական էջը։ Ըստ գործչի կատարած և չկատարած խոստումների՝ այստեղ պատկերվում է վերջինիս ստաչափի տոկոսը։ Վարկանիշ բաժնում նույնպես կա մեկնաբանություններ թողնելու հնարավորություն։

Կայքի վեջին բաժինը Մարդամեջ է կոչվում։ Այստեղ անցկացվում են տարբեր տիպի մրցանակաբաշխություններ։ Այն նախատեսված է ամենաանվստահելի և խոստումներ չկատարող քաղաքական գործիչների համար։ Այստեղ տրվում են այնպիսի կոչումներ, ինչպիսիք են ՝ «Ստի ոտքը կարճ է» կամ «Ամենակրուտիտ լինող» կոչումները։

PanARMENIAN.Net ի թղթակցի հետ զրույցում Արամ Թովմասյանն ասաց, որ իր կարծիքով նախագիծը հնարավոր է կյանքի կոչել. «Բոլոր քաղաքական գործիչներն էլ կընդունեն նման նախագիծը, քանի որ այն հիմնված է ԶԼՄ-ների ինֆորմացիայի վրա, խոսքս խոստումների մասին է»։

Ծաղկաձորում կայացած «Մարդամեջ» SICamp-ը ֆինանսավորվում էր UNDP-ի և USAID-ի կողմից։ Ճամբարին աջակցում էին Ինտերնյուս Հայաստանը և SICamp-ի գաղափարի հիմնադիրները։

Սոցիալական նորարարության ճամբար աշխարհում առաջին անգամ անցկացվել է 2008-ին երեք անգլիացիների կողմից` Քրիստիան Ալերտի, Դեն ՄքՔիլանի և Պոլ Միլերի: Նրանք, ոգեշնչվելով ԲարՔեմփերի և Հաքաթոների հաջող անցկացվող մոդելներով, հասկացել են, որ ընդամենը 24 ժամում կարելի է մշակել արդյունավետ վեբ լուծումներ սոցիալական խնդիրների համար։

Հղումներ թեմայով.
 Ուշագրավ
Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում
Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը
Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից
Ըստ Քերոբյանի, առնվազն 20 մլրդ դրամ հարկ կհավաքվի
---