24 նոյեմբերի 2011 - 15:39 AMT
Երևանցիներ. Պահանջում ենք իր տեղում պահպանել Արամի 30 հասցեում գտնվող կառույցը

Մի շարք հասարակական կազմակերպություններ ու քաղաքացիական նախաձեռնություններ, կամ ինչպես իրենք են նշում` երևանցիներ, բաց նամակ են հղել Երևանի քաղաքային իշխանություններին` պահանջելով իր տեղում պահպանել Արամի 30 հասցեում գտնվող կառույցը:

«Այն գտնվում է մի փողոցում, որի ճարտարապետական համատեքստային տրամաբանությունը փոփոխելն անընդունելի է, քանի որ դրանով կվերանա զբոսաշրջիկներին գրավող և երևանցիների համար հարազատ քաղաքային յուրահատուկ կոլորիտն ու գեղագիտական արժեքը: Հանդիսանալով քաղաքի կենտրոնում պահպանված՝ 19-րդ դարի սակավաթիվ կառույցներից մեկը և միաժամանակ՝ կարմիր տուֆից կառուցված բացառիկ շինություն՝ ըստ էության հուշարձան է, որն առանձնանում է ճարտարապետական հին և յուրատիպ հորինվածքով»,- գրված է նամակում:

Նրանք նաև նշում են, որ ապամոնտաժման համար դեռևս չկա հաստատված որոշում, ուստի անհասկանալի է, թե ինչու է արդեն շոշափվում շենքը «քանդելու» գաղափարը. իսկ եթե որոշում, այնուամենայնիվ, ընդունվել է, ապա հանրությանը պետք է նախապես տեղեկացվեր այդ մասին: Շենքն, ըստ ՀԿ-ների. պատմական կորիզի մի մասն է կազմում, քանի որ Երևանի պատմության մի զգալի շերտ ներկայացված է քաղաքի կենտրոնում կանգուն մնացած՝ արդեն իսկ սակավաթիվ շենքերով, ուստի պատմական այդ կորիզի հետագա ձևախեղումը ենթադրող ցանկացած քաղաքաշինական գործընթաց, բացարձակապես անընդունելի է:

«Մենք գտնում ենք, որ քանի դեռ հանրային քննարկման չի դրվել Աբովյան, Արամի և Նալբանդյան փողոցներով պարփակված հատվածի քաղաքաշինական ամբողջական լուծման հարցը, քաղաքի տվյալ հատվածում կատարվող բոլոր ձևափոխությունները պետք է սառեցվեն, և տարածքը չպետք է ենթարկվի որևէ փոփոխության»,- պնդում են նամակի հեղինակները: