Երևանը հնարավոր է շուտով ունենա Թաղային լրատվության պորտալ

Երևանը հնարավոր է շուտով ունենա Թաղային լրատվության պորտալ

PanARMENIAN.Net - Հայաստանում առաջին անգամ կայացած «Մարդամեջ» սոցիալական նորարարության ճամբարի նախագծերից էր Գայանե Միրզոյանի հեղինակած ԹաղԻնֆո լուրեր պորտալը։ Այն իրենից ներկայացնում է յուրօրինակ քաղաքացիական լրագրության գործիք։ Գաղափարի շուրջ «Մարդամեջ»-ի ընթացքում թիմում աշխատել են 8 հոգի։

«Նմանատիպ մեդիաներն ամբողջ աշխարհում ճանաչված են, սակայն Հայաստանում չկան։ ԹաղԻնֆոյում տեղ են գտնելու Երևանի համայնքներում կատարվող իրադարձությունների մասին տեղեկություններ։ Մենք նախատեսում ենք յուրաքանչյուր համայնքում ունենալ մեկ թաղային լրագրող։ Նրանք կաշխատեն կամավորական հիմունքներով, սա ինչ-որ չափով կարող է լրագրության պրակտիկա լինել նրանց համար։ Հենց թաղային լրագրողներն էլ կապահովեն համայնքի նորությունները»,-ասաց Գայանե Միրզոյանը PanARMENIAN.Net ի թղթակցին։

Նախագծի հեղինակը ԹաղԻնֆոյում նախատեսում է տեղադրել նաև համայնքի մասին տարաբնույթ տեղեկություններ՝ համայնքի պատմությունը, հետաքրքիր փաստեր և այլն։

«Պորտալն ունենալու է մի քանի բաժին՝ Թաղի լուրեր իր քարտեզով (հրատապ իրադարձություններ, նորություններ), Ինչ կա չկա (հայտարարություններ և անոնսներ) և Փորձաստան։ Փորձաստանում մարդիկ խորհուրդներ կտան միմյանց. օրինակ լավ գրականություն, որ կարդացել են, կամ ռեստորան, որը հաճախել են։ Կայքում կլինի նաև հատուկ պատուհան, որտեղ համայնքի բնակիչները անոնիմ կամ իրենց անունը նշելով կուղարկեն իրենց տեսած-լսածները՝ դառնալով այսպես ասած քաղաքացիական հասարակության մասնիկ»,- նշեց Գայանե Միրզոյանը և հավելեց, որ գաղափարն իրականություն դարձնելու համար պատրաստվում են նաև մասնակցել դեկտեմբերի 17-ին Երևանի քաղաքապետարանում կայանալիք հաքաթոն-մրցույթին։

Գաղափարի հեղինակի խոսքով, եթե հաջողվի նախագծի համար ֆինանսներ հայթայթել, ապա ԹաղԻնֆոն կհամագործակցի նաև համայքապետարանների հետ և կսկսի ավելի շատ լուսաբանել վերջիններիս աշխատանքը՝ մոնիթորինգ կատարելով։

Նոյեմբերի 18-20-ը Ծաղկաձորում կայացած «Մարդամեջ» SICamp-ը ֆինանսավորվում էր UNDP-ի և USAID-ի կողմից։ Ճամբարին աջակցում էին Ինտերնյուս Հայաստանը և SICamp-ի գաղափարի հիմնադիրները։

Սոցիալական նորարարության ճամբար աշխարհում առաջին անգամ անցկացվել է 2008-ին երեք անգլիացիների կողմից` Քրիստիան Ալերտի, Դեն ՄքՔիլանի և Պոլ Միլերի: Նրանք, ոգեշնչվելով ԲարՔեմփերի և Հաքաթոների հաջող անցկացվող մոդելներով, հասկացել են, որ ընդամենը 24 ժամում կարելի է մշակել արդյունավետ վեբ լուծումներ սոցիալական խնդիրների համար։

 Ուշագրավ
Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում
Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը
Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից
Ըստ Քերոբյանի, առնվազն 20 մլրդ դրամ հարկ կհավաքվի
---