«Յունիգրաֆ Իքս». Թափառող շներին քնեցնում ենք հատուկ նյութերով և թաղում հատուկ տարածքում

«Յունիգրաֆ Իքս». Թափառող շներին քնեցնում ենք հատուկ նյութերով և թաղում հատուկ տարածքում

PanARMENIAN.Net - «Յունիգրաֆ Իքս» ընկերությունը թափառող շներին քնեցնելուց հետո թաղում է քաղաքապետարանի կողմից հատուկ այդ նպատակի համար Նուբարաշենի խճուղու հարևանությամբ հատկացված 5000 քառակուսի մետր տարածքում։ PanARMENIAN.Net ի թղթակցի հետ զրույցում այս մասին ասաց ընկերության տեղեկատվական հարցերով պատասխանատու Լիլիթ Գրիգորյանը։

«Մենք շներին պարզապես չենք տանում ու գցում հողի մեջ։ Դիակները քլորով մշակվում են, իսկ թաղելուց հետո հողը նույնպես մշակվում է քլորով։ Այդ ամենը պարտադիր պետք է արվի, որ վարակից խուսափենք»,- ասաց նա` հավելելով, որ անհիմն են նաև բոլոր այն մեղադրանքները, որ իրենք շներին ոչ թե քնեցնում են, այլ տանջամահ անում լիդոկայինի միջոցով. «Մենք օգտագործում ենք հատուկ քնեցման համար նախատեսված դեղամիջոցներ, որոնք գրանցված են և պաշտոնապես թույլատրվում են»։

Ի պատասխան այն պնդմանը, թե թափառող շների գլխաքանակը նվազելու փոխարեն աճել է, Լիլիթ Գրիգորյանը պատասխանեց, որ իրենք անգամ տվյալներ չունեն ընտանի կենդանիների թվաքանակի մասին. «Ոչ ոք տվյալներ չունի թափառող շների գլխաքանակի մասին և չի էլ կարող ունենալ։ Մենք լայնածավալ աշխատանք ենք իրականացնում մայրաքաղաքում, սակայն ողջ հանրապետության տարածքում նման աշխատանքներ չեն տարվում, և մենք ունենք ահռելի ներգաղթ դեպի մայրաքաղաք, քանի որ այստեղ սնունդն ավելի շատ է, և պայմաններն ավելի բարենպաստ են»։

Արդյոք մյուս տարի էլ «Յունիգրաֆ Իքս» ընկերությունը կզբաղվի Երևանում թափառող շների վնասազերծմամբ, թե ոչ, դեռևս հայտնի չէ, քանի որ քաղաքապետարանը պետք է մրցույթ հայտարարի, որի արդյունքում էլ պարզ կդառնա։ «Սակայն պետք է նշեմ, որ այսքան տարիների ընթացքում ոչ մի այլ կազմակերպություն չի դիմել քաղաքապետարան մրցույթին մասնակցելու համար»,- նշեց բանախոսը։

Երեկ տեղի ունեցած մամլո ասուլիսի ժամանակ «Փրո Փոուզ» կենդանիների բարեկեցության ԲԿ-ի հայաստանյան ներկայացուցիչ Նարե Արամյանը մեղադրում էր «Յունիգրաֆ Իքս» ընկերությանն ու քաղաքապետարանին անարդյունավետ գործունեության մեջ։ Նա նշում էր, որ շների գլխաքանակը ոչ թե նվազել է, այլ աճել, իսկ տեսակը դարձել է առավել ագրեսիվ։ Ներկայացված հաշվետվության մեջ գրված էր, որ «Յունիգրաֆ Իքս» ընկերությունը տանջամահ է անում շներին, իսկ նրանց թաղման համար չկա համապատասխան չափանիշներով տարածք։

 Ուշագրավ
Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է
Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ
Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը
Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման
---