Մաքսիմ Շևչենկո. Պատերազմն Իրանում չի օգնի Բաքվին լուծել ղարաբաղյան հակամարտությունը

Մաքսիմ Շևչենկո. Պատերազմն Իրանում չի օգնի Բաքվին լուծել ղարաբաղյան հակամարտությունը

PanARMENIAN.Net - ՌԴ Հանրային պալատի անդամ, «Ժամանակակից աշխարհի քաղաքականության և կրոնների ռազմավարական հետազոտությունների կենտրոն» տարածաշրջանային հասարակական կազմակերպության ղեկավար Մաքսիմ Շևչենկոն Բաքվին խորհուրդ չի տալիս Իրանում պատերազմի դեպքում օգտվել այդ հանգամանքից և լուծել ղարաբաղյան հակամարտությունը ռազմական ճանապարհով: «Անկեղծ ասած` չէի ուզենա, որպեսզի պարզվեր, որ Ադրբեջանն այդքան անհեռատես է»,- հայտնել է նա:

Նրա խոսքով` այսօր Հայաստանը Իրանի ռազմավարական դաշնակիցն է: «Բայց եթե Ադրբեջանում ենթադրում են, որ պատերազմն Իրանում կօգնի իրենց լուծել ղարաբաղյան հիմնախնդիրը ռազմական ճանապարհով, ապա դա սխալական կարծիք է: Նման քայլը շատ լուրջ գործընթացների կհանգեցնի: Ադրբեջանի տնտեսական զարգացման` վերջին տարիներին դիտվող ողջ դինամիկան մի ակնթարթում կանհետանա: Դա իմ անձնական փորձագիտական կարծիքն է»,- ընդգծել է Շևչենկոն:

Փորձագետի կարծիքով` Ղարաբաղի հիմնահարցը կարող է լուծվել «միայն ու միայն խաղաղ ճանապարհով»: «Ես բացառում եմ այդ խնդրի լուծման ռազմական ճանապարհը: Իսկ եթե Ադրբեջանը, այնուամենայնիվ, որոշի ռազմական գործողությունների դիմել, ապա նա շատ սերտորեն առնչվելու է ՆԱՏՕ-ի ու Իսրայելի հետ: Ադրբեջանի հանդեպ համապատասխան վերաբերմունքը կլինի նաև նրանց կողմից, ովքեր այսօր քննադատում են Արևմուտքի և Իսրայելի քաղաքականությունը»,- նշել է նա` հավելելով, որ Հարավային Կովկասում Ռուսաստանի քաղաքականությունը շատ իմաստուն ու ողջամիտ է համարում:

«Մոսկվան հանդես է գալիս ադրբեջանցիների ու հայերի միջև խաղաղ երկխոսության կողմից»,- նկատել է Շևչենկոն, հաղորդում է vesti.az-ը:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---