22 դեկտեմբերի 2011 - 16:57 AMT
Հրաչ Վարժապետյան. Ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագծի ընդունումը ֆրանսահայերի հաղթանակն է

Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագծի ընդունումը հանդիսանում է Ֆրանսիայի Հայ համայնքի հաղթանակը: Այդ մասին PanARMENIAN.Net-ի թղթակցի հետ զրույցում հայտնել է Ֆրանսիայի Հայ Դատ գրասենայկի տնօրեն Հրաչ Վարժապետյանը: Նրա խոսքով, չնայած Թուրքիայի ճնշումներին, ֆրանսիական խորհրդարանը ձայների մեծամասնությամբ ընդունել է օրինագիծը: «Ֆրանսիայի հայ համայնքը շատ ուրախ և գոտ է խորհրդարանի որոշումից, սակայն սպասելու ենք, որ տվյալ օրինագիծը վերջնականորեն հաստատվի այս տարվա հունվարին, որպեսզի հանգիստ և պաշտպանված զգանք ժխտողական քաղաքականությունից»,-ասել է նա` հույս հայտնելով, որ փաստաթուղթը կվավերացվի: Վարժապետյանը նաև վստահություն է հայտնել, որ Ֆրանսիան օրինակ կծառայի այլ երկրներին:

Ֆրանսիայի Ազգային ժողովը քվեարկել է պատգամավոր Վալերի Բոյերի` Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագծի վորաբերյալ: Առայժմ հայտնի չէ` քանի պատագամավոր է կողմ և քանի պատգամավոր է դեմ քվեարկել:

Օրինագիծը նախատեսում է Ցեղասպանության փաստի ժխտման համար 1 տարի ազատազրկում և 45 000 եվրո տուգանք:

Դեկտեմբերի 7 օրինագիծն ընդունվել է Ֆրանսիայի Ազգակին ժողովի Իրավական հարցերով կոմիտեի կողմից:

Ավելի վաղ Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ Անկարան պատրաստ է Փարիզի դեմ պատժամիջոցներ ընդունել: Թուրքիան նաև սպառնացել է, որ Փարիզից ետ կկանչի իր դեսպանին, եթե Ֆրանսիայի խորհրդարանը հաստատի օրինագիծը:

Թուրքիայի ԱԳ նախարար Ահմեդ Դավութողլուն Ֆրանսիային սպառնացել է պատասխան միջոցներով, եթե ֆրանսիական Սենատը հաստատի Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագիծը: Դավութողլուն նաև նշել է, որ Թուրքիան խորհրդարանում քննարկման կդնի «Ֆրանսիայի կողմից 1945թ Ալժիրում իրականացրած ցեղասպանության» ընդունման օրինագիծը:

ԵԽԽՎ նախագահ Մովլուդ Չավուշօղլուն իր հերթին Ֆրանսիայի Սենատի կողմից Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող բանաձևի հնարավոր ընդունման համար և Փարիզի ու Անկարայի միջև հարաբերությունների վատթարացման«պատասխանատվությունը» բարդում է երկրի նախագահ Նիկոլյա Սարկոզիի վրա: Հարկ է նաև նշել, որ Ադրբեջանը նույնպես հայտարարել է, որ բանաձևի ընդունումը բացասաբար կանդրադառնա Բաքվի և Փարիզի փոխհարաբերությունների վրա: